Դիմել եմ իրավապահներին՝ լավ եմ արել. Ալեն Սիմոնյանը՝ Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի գործի մասին
Մենք այլ հասարակարգ ենք ունենալու, մենք իրար չենք դանակահարելու: Որ վրդովվում էիք, որ հանցագործությունների շարքը մեծացել է, այ նման դեպքերն արդարացնելու հետևանքն է, ես բոլորին կոչ եմ անում նման դեպքերում դիմել իրավապահներին, ես չէի կարող չդիմել իրավապահներին, դիմել եմ, լավ եմ արել: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 13–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով «Իմնեմնիմի» փոդքասթում հնչած «վիրավորական արտահայտությունների և սպառնալիքների վերաբերյալ» իր ներկայացրած հաղորդմանը:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ձերբակալվել են «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը:
«Ալեն Սիմոնյանը հաղորդում է տվել իրավապահներին «Իմնեմնիմի» փոդքասթում հնչած վիրավորական արտահայտությունների և սպառնալիքների վերաբերյալ»,- հայտնել էր ԱԺ նախագահի մամուլի խոսնակը:
Նշենք, որ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը «Իմնեմնիմի» փոդքասթն են վարում, որտեղ օրեր առաջ հյուրընկալվել էր երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Այդ հարցազրույցից հետո Ալեն Սիմոնյանը գրառում էր արել՝ Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի հասցեին ասելով «շան տղաներ»։
Դրանից հետո «Իմնեմնիմի» փոդքաստի հաղորդավարները Ալեն Սիմոնյանին անվանել էին «անասուն», իսկ նրա մոր հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ էին հնչեցրել։ Բացի այդ, եթերներից մեկի ժամանակ հնչեցրել են արտահայտություններ, որոնք գնահատվել են, որպես սպառնալիք:


