չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Դիմադրության շարժում սկսելու ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են տարվում․ Իշխան Սաղաթելյան

Դիմադրության շարժում սկսելու ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են տարվում․ Իշխան Սաղաթելյան

ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարում է, որ դիմադրության շարժում սկսելու իրենց դիրքորոշումն ուժի մեջ է, այդ ուղղությամբ քաղաքական տարբեր ուժերի հետ են խոսում:

Սաղաթելյանն այս մասին ասաց ԱԺ ճեպազրույցում՝ անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, որ ՀՅԴ ժողովից հետո արված հայտարարությունում նշվել էր դիմադրության շարժում սկսելու, այլ քաղաքական ուժերի հետ բանակցելու մասին:

«Մենք շարունակում ենք պնդել, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու հնարավորությունը համաժողովրդական դիմադրություն կազմակերպելու մեջ է: Այս թեմայով շատ ակտիվ խոսում ենք Հայաստանի քաղաքական տարբեր ուժերի, տարբեր միությունների, անհատների, գործիչների հետ»,-ասաց Սաղաթելյանը:

Նրա խոսքով՝ դիմադրությունն ունենալու է երկու ճակատ՝ դիմադրություն  արտաքին թշնամիներին, դիմադրություն օրվա իշխանություններին: Ըստ նրա՝ համահայկական դիմադրություն պետք է լինի, որ պետք է վերածվի համաժողովրդական ընդվզման, որի ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են տարվում: «Առաջիկայում, հուսով եմ, կոնկրետ քայլեր ու գործողություններ կտեսնեք»,-նշեց պատգամավորը:

Ըստ նրա՝ տարբեր ուժերի հետ քննարկում են մարտավարության, քայլերի, գործողությունների մասին։

  • Կիսվել: