շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Դիարբեքիրի փաստաբանների պալատն արդարացվել է․ «Հայոց ցեղասպանություն» ասելը հանցագործություն չէ

Դիարբեքիրի փաստաբանների պալատն արդարացվել է․ «Հայոց ցեղասպանություն» ասելը հանցագործություն չէ

1915-ին տեղի ունեցածը Հայոց ցեղասպանություն անվանելու համար Դիարբեքիրի փաստաբանների պալատի վարչակազմի դեմ հարուցված քրգործն ավարտվել է արդարացման վճիռով, գրում է ermenihaber.am-ը:

Փաստաբան Նուրջան Քայան հայտնել է, որ Դիարբեքիրի 11-րդ ծանր հանցագործությունների դատարանում կայացած նիստում ընդունվել է արդարացման որոշում։

Փաստաբանը մասնավորապես նշել է․ «Դիարբեքիրի փաստաբանների միության 2018-2020թթ․ վարչակազմի դեմ 1915-ը ցեղասպանություն անվանելու համար բացված գործի դատական նիստին ենք։ Պալատի նախկին նախագահ Ջիհան Այդընը պատմում է, թե ինչեր են կատարվել Դիարբեքիրում 1915 թվականին։ Այսինքն ասում է, որ այն, ինչը ցեղասպանություն է, ցեղասպանություն էլ անվանում ենք և մեր խնդիրն առերեսումն է ու ճշմարտության կոչը։

Դատախազն արդարացում պահանջեց՝ պատճառաբանելով, որ իր կարծիքով հանցագործության տարր և հանցագործություն կատարելու (պետությունը հրապարակավ նվաստացնելու) մտադրություն չի եղել։

Այսպիսով հանցակազմի բացակայության հիմքով կայացվեց արդարացման որոշում»։

Հիշեցնենք, որ նշյալ գործը հարուցված է եղել Թուրքիայի Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներով։ Դրա համար պատճառ է ծառայել պալատի պաշտոնական կայքում տեղ գտած երկու առանձին հայտարարություն․ 2019թ․ ապրիլի 24-ին «1915․․․!» վերնագրով հրապարակված հայտարարությունը, ինչպես նաև 2019թ․ դեկտեմբերի 2-ին «Չենք վախենում և չենք լռելու» վերնագրով հայտարարությունը։

Վերջինս հրապարակվել է որպես արձագանք Դիարբեքիրի փաստաբանների պալատի 2017-2018թթ․ վարչակազմի դեմ կրկին ապրիլի 24-ին կատարված հայտարարության պատճառով հարուցված նույնաբովանդակ գործին։

 

  • Կիսվել: