հինգշաբթի, հունիս 11
11 / 6 / 2026
Դեսպանի կանչն ու բողոքի նոտաները վկայում են հայ-ռուսական հարաբերություններում խոր ճգնաժամի մասին․ Հարությունյան

Դեսպանի կանչն ու բողոքի նոտաները վկայում են հայ-ռուսական հարաբերություններում խոր ճգնաժամի մասին․ Հարությունյան

Հայ ժողովուրդն ունի հաղթողի հզոր գենետիկ կոդ, որը կերտվել է տասնամյակների արարչագործ աշխատանքի և Հայրենական մեծ պատերազմի տարիների անօրինակ սխրանքների շնորհիվ։ Հենց այս ժառանգությունն էլ դարձել է նորագույն պատմության ընթացքում հայրենիքի պաշտպանության հիմնաքարը։

Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին, «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Ռեֆորմիստների» կուսակցության վարչապետի թեկնածու, պաշտպանության նախկին նախարար և Ռուսաստանում ՀՀ նախկին դեսպան Վաղարշակ Հարությունյանը։ Նա ընդգծել է, որ հայի մեջ արմատացած հաղթական ոգին ապագա վերածննդի գրավականն է, և կոչ է արել չտրվել մանիպուլյացիաներին ու «ամենածանր մեղքին՝ հուսահատությանը»։

 

Հիշատակելով ֆաշիզմի դեմ տարած ընդհանուր հաղթանակում Հայաստանի ավանդը՝ Հարությունյանը նշել է, որ 800 հազար բնակչություն ունեցող հանրապետությունը ռազմաճակատ է ուղարկել 600 հազար մարտիկ՝ աշխարհին տալով հինգ մարշալ և հարյուրից ավելի գեներալ։ Ըստ նրա՝ հենց այս դաստիարակությունն ու կոփվածությունն են թույլ տվել հաղթել Արցախյան առաջին պատերազմում, քանի որ ժողովուրդը մեծացել էր հայրենի հողի սրբության գիտակցումով։ Նախկին նախարարը բավականին կոշտ է արձագանքել վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարություններին, թե Ղարաբաղյան շարժումը «սխալ» էր՝ շեշտելով, որ սեփական պատմության մեջ հայերին մեղավոր ներկայացնելու փորձերը կոտրում են ազգի ոգին և սուտ են, որոնք նպատակ ունեն արդարացնել իշխանության ներկա ձախողումները։

Անդրադառնալով Ռուսաստանի հետ հարաբերություններում առկա լարվածությանը՝ Հարությունյանն իրավիճակը որակել է ճգնաժամային՝ նշելով, որ դեսպանին կանչելն ու դիվանագիտական նոտան վկայում են լուրջ խնդիրների մասին։ Դրանք պայմանավորված են նաև Մոսկվայի հասցեին հնչող սպառնալիքների համար հարթակ տրամադրելու հանգամանքով։ Նա ընդգծել է, որ Հայաստանի անվտանգությունն այսօր գտնվում է ուղղակի սպառնալիքի տակ, քանի որ հստակ դիվանագիտության բացակայությունն ու սահմաններին կանգնած թշնամական զորքերը ստեղծում են պայթյունավտանգ իրավիճակ։

Ինչ վերաբերում է ներկայիս ղեկավարության եվրոպական նկրտումներին, նախկին դեսպանը թերահավատություն է հայտնել՝ հիշեցնելով, որ նույնիսկ հսկայական ռեսուրսներ ունեցող երկրները, օրինակ՝ Ուկրաինան կամ Թուրքիան, տարիներով սպասում են ԵՄ անդամակցությանը։ Իսկ Հայաստանին նման չափանիշների անցնելու համար կպահանջվեն միլիարդավոր դոլարների արժողությամբ ֆինանսական ներդրումներ։

Գնահատելով Ռուսաստանի հետ հարաբերությունների ներկա վիճակը՝ Հարությունյանն արձանագրել է խորը ճգնաժամ՝ ընդգծելով, որ այն իրավիճակը, երբ դեսպանին կանչում են նոտա հանձնելու համար, արդեն իսկ նորմալ չէ։ Նա նշել է, որ ներկա դինամիկայում որևէ դրական բան չի տեսնում, հատկապես հաշվի առնելով ռուսական կողմի հստակ դիրքորոշումը։ Հայաստանը տրամադրել է մի հարթակ, որտեղից Զելենսկին սպառնալիքներ է հնչեցրել Մոսկվայի հասցեին։ Նախկին դեսպանի խոսքով՝ նախկինում նույնպես լարվածություն է եղել, սակայն իր պաշտոնավարման ժամանակ սուր հարցերը հաջողվում էր հարթել բանակցությունների միջոցով, մինչդեռ հիմա տարաձայնությունները վերածվել են բացահայտ միջպետական ճգնաժամի։

Պատասխանելով պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանի թիմում աշխատելու վերաբերյալ հարցին՝ նա հայտարարել է, որ որպես սպա՝ երդվել է ծառայել ոչ թե կոնկրետ անձի, այլ պետությանն ու հայրենիքին։ «Ես այս քաոսի մեջ եկել եմ ոչ թե հաճույքի համար, այլ բանակի մարտունակությունը վերականգնելու նպատակով։ Սպան հատուկ տեսակ է, որը պարտավոր է պաշտպանել երկիրը ցանկացած իշխանության օրոք»,- եզրափակել է Հարությունյանը։

  • Կիսվել: