շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Դեկտեմբերի 27-ին Արցախի խորհրդարանում տեղի կունենա արտահերթ, որի ընթացքում կքննարկվի Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցրած արցախյան հիմնախնդրին վերաբերվող վերջին թեզերը

Դեկտեմբերի 27-ին Արցախի խորհրդարանում տեղի կունենա արտահերթ, որի ընթացքում կքննարկվի Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցրած արցախյան հիմնախնդրին վերաբերվող վերջին թեզերը

Դեկտեմբերի 27-ին Արցախի խորհրդարանում արտահերթ նիստ է լինելու, որի ընթացքում կքննարկվեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսի ժամանակ արցախյան հիմնահարցի վերաբերյալ հնչեցրած թեզերը։

Այս առնչությամբ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.

« Արցախի ներքաղաքական գործընթացները նոր հանգրվանային փուլում են։

Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի ապագայի ու բանակցային պրոցեսի մասին հնչեցրած վերջին հայտարարությունները պատահական չէին և տեղավորվում են նրա քաղաքական գլխավոր գծի հետ։

Ըստ էության, Նիկոլ Փաշինյանն ու Արցախի ուղղությամբ աշխատող քաղաքական գործակալները ակտիվացրել են Արցախից վերջնական հրաժարվելու և մեր հայրենակիցներին բախտի քմահաճույքին թողելու վաղուց պլանավորված պլանները։

Արցախում կան ուժեր, անհատներ, որոնք բնականաբար դիմադրում են Արցախի օտարման գործընթացին ու պատրաստ են մինչև վերջ կռիվ տալու, իսկ թե ովքեր են մինչև վերջ կանգնելու և ոչ ասելու թուրք-ադրբեջանական շահերի սպասարկմանը կերևա առաջիկա օրերին։

Երկուշաբթի Արցախի խորհրդարանում արտահերթ նիստ է սպասվում, որտեղ Արցախի դեմ սկսված այս գործընթացի վերաբերյալ ամենայն հավանականությամբ հայտարարություն կընդունվի։

Բացի տեքստի բովանդակությունից շատ կարևոր է հասկանալ, թե ովքեր կմիանան Արցախի ադրբեջանացումը մերժող գործընթացին և ինչ ուղերձներ կհղեն Հայաստանի իշխանությանն ու միջազգային հանրությանը։

Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում և այս գաղափարի համար պայքարը պետք է միավորի Արցախի ու Հայաստանի բոլոր առողջ ուժերին»։

Նշենք, որ իր վերջին ասուլիսի ժամամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով արցախյան հիմնախնդրի մասին, մասնավորապես, ասել է.

«ԼՂԻՄ-ը երբեք ոչ մի անգամ բանակցային գործընթացում չի դիտարկվել որպես զուտ եւ միայն հայկական միավորում, որովհետեւ բանակցություններում արձանագրված է, որ ԼՂԻՄ-ում ապրել են նաեւ ադրբեջանցիներ եւ նրանց իրավունքների պաշտպանությունը եղել է բանակցային թեմայի մեջ: Ես նշել եմ, որ երբ խոսք էր գնում ԼՂ կարգավիճակի ճշգրտման համար նախատեսվող հանրաքվեի մասին, խոսվում էր Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության մասին: Դա նշանակում ոչ միայն հայկական բնակչությունը, այլ նաեւ ադրբեջանականը:

Ենթադրենք՝ այդ հանրաքվեն հայկական մեկնաբանությամբ պետք է տեղի ունենար, իսկ այդ մեկնաբանությամբ երբեք տեղի չէր ունենալու, բայց հայկական մեկնաբանությունը երբեք չի ժխտել, որ այդ հանրաքվեին պետք է մասնակցեն նաեւ ԼՂ-ի ադրբեջանցիները: Ենթադրենք ադրբեջանցիները պետք է մասնակցեին այն չափով, ինչ չափով մեկնաբանում է հայկական կողմը: Հարց. Իսկ ԼՂ ադրբեջանցիները այդ համատեքստում նրանք էլ իրենց հերթին կարո՞ղ էին արդյոք բարձրացնել իրենց ինքնորոշման սկզբունքը: Այս պարագայում ինչպիսի՞ հարաբերություններ պետք է առաջանային: Այս համատեքստում ԼՂԻՄ-ի տարածքային ամբողջականության ի՞նչ պատկեր պետք է արձանագրեինք»։

  • Կիսվել: