կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Նման պառակտիչ գործողություններով հնարավոր չէ կանխել դիմադրության շարժումը․ ՀՅԴ ԳՄ–ն՝ Մուրադ Փափազյանի մուտքը ՀՀ արգելելու մասին

Նման պառակտիչ գործողություններով հնարավոր չէ կանխել դիմադրության շարժումը․ ՀՅԴ ԳՄ–ն՝ Մուրադ Փափազյանի մուտքը ՀՀ արգելելու մասին

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի մուտքը ՀՀ արգելելու վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը։ Հայտարարությունում ասվում է․

«Հայաստանի գործող իշխանությունը շարունակում է իր ազգադավ ծրագրերը: Հերթականը ֆրանսահայ հասարակական-քաղաքական գործիչ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանին Հայաստանի Հանրապետություն մուտք գործել արգելելն է:

Միանալով Էրդողանի և Ալիևի ռեժիմներին՝ Նիկոլ Փաշինյանի վարչակազմը հարվածում է հայոց պետականությանը՝ պառակտելով հայ ժողովրդին, արգելակելով արտաքին սպառնալիքներին հայ ժողովրդի կենսունակ մասի դիմադրությունը, ճանապարհ բացելով մեր հայրենիքի նկատմամբ թշնամական պետությունների ու կազմակերպությունների գործունության համար:

Վարչախմբի աշխատակազմի՝ Մուրադ Փափազյանին Հայաստանում անցանկալի անձ համարելու վերաբերյալ այսօր ներկայացրած պարզաբանումը ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ իրականությունը կեղծելու, սուտը ճշմարտության տեղ ներկայացնելու, սեփական անձը պետության հետ նույնականացնելու, Սահմանադրությունն ու օրենքները ոտնատակ տալու հերթական ապացույց:

Հայաստանի գործող վարչախումբն անընդհատ փաստում է, որ շարժվում է հայոց պետականության և հայ ժողովրդի ոչնչացման թուրք-ադրբեջանական նպատակային ծրագրերով:


ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը խստիվ դատապարտում է ռեժիմի այս քստմնելի և դավաճանական հերթական արարքը, հայտարարում, որ նման ապօրինություններով և պառակտիչ գործողություններով հնարավոր չէ կանխել համայն հայության շրջանում սկիզբ առած դիմադրության շարժումը, որն ուղղված է հայոց կենսունակ պետականության արտաքին և ներքին թշնամիների դեմ: Նիկոլ Փաշինյանի ռեժիմի հեռացումն այլընտրանք չունի»:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, արձագանքելով «Արմենպրես»-ի հարցին, պարզաբանել է, թե ինչ հիմքով է հուլիսի 13-ին արգելվել Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան․

«Տվյալ անձը հանդիսանում է նախորդ տարվա հունիսի 1-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպանության մոտ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության՝ ՀՀ պետական դրոշակիր ավտոշարասյան դեմ հարձակում կազմակերպած անձանցից մեկը: Ավտոշարասյան ուղղությամբ նետվել են տարբեր իրեր, առարկաներ: Վարչապետի ՀՀ պետական դրոշակիր ավտոմեքենան ենթարկվել է հարձակման և ստեղծված իրավիճակը հաղթահարվել է միայն ֆրանսիական ոստիկանության և անվտանգության ուժերի ջանքերի արդյունքում:

Այդ մասին վկայող տվյալներ հրապարակվել են տարբեր լրատվամիջոցների կողմից, իսկ տեսանյութերն առկա են նաև համացանցում: Ոչ միայն Ձեր կողմից նշված անձի, այլեւ հարձակման ակտիվ մասնակիցների մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է: Ընդ որում, Հայաստանի Հանրապետությունը որեւէ վերապահում չունի խաղաղ ակցիաների որեւէ մասնակցի նկատմամբ: Իսկ հարձակումների կազմակերպիչների եւ մասնակիցների մուտքը Հայաստանի Հանրապետություն՝ օրենքով սահմանված կարգով արգելվել է»:

  • Կիսվել: