Դատախազ. Հակակոռուպցիոն կոմիտեն հրապարակում է այն տեղեկությունները, որոնք արդեն հաստատված են և չեն կարող ենթարկվել քննադատության
Այս հարցի վերաբերյալ իմ պատկերացումն ու կարծիքն այն է, որ Հակակոռուպցիոն կոմիտեն հրապարակում է այն տեղեկությունները, որոնք արդեն հաստատված են և, կարելի է ասել, չեն կարող ենթարկվել քննադատության։ Այս մասին հունիսի 7-ին լրագրողների հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Ծովակ Մնացականյանը՝ պատասխանելով NEWS.am-ի այն հարցին, որ իրավապահ մարմինները, իբր, անտեսել են ընտրական մարմնի նախազգուշացումները՝ առանց բավարար ապացույցների ձայնագրությունների հրապարակման անթույլատրելիության վերաբերյալ, որոնք կարող են ազդել քաղաքական ուժերի բնականոն գործունեության վրա։
Գլխավոր դատախազության ներկայացուցիչը նշել է, որ փաստերի հրապարակայնացումը լիովին տեղավորվում է օրենքի շրջանակներում, հիմնավորված է և միտված է հետաքննությունների թափանցիկության ապահովմանը։
«Մինչդատական վարույթի հրապարակայնությունը հետապնդում է մեծ կանխարգելիչ նպատակ, և մենք պարտավոր ենք պահպանել այս սկզբունքը և այն պահել առաջնահերթության դիրքում, եթե այն չի խախտում քննության գաղտնիքի կամ անմեղության կանխավարկածի սահմանները», - ընդգծեց Ծովակ Մնացականյանը։ Նա նշեց, որ հրապարակայնության սկզբունքի պահպանումը միտված է բացառապես նախաքննության ընթացքի մասին տեղեկատվությունը հանրության լայն շերտերի համար հասանելի դարձնելուն և ունի կարևորագույն կանխարգելիչ նշանակություն։


