շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Դանիել Իոաննիսյանը ԿԸՀ հորդորով հեռացրեց Էդմոն Մարուքյանի վերաբերյալ գրառումը

Դանիել Իոաննիսյանը ԿԸՀ հորդորով հեռացրեց Էդմոն Մարուքյանի վերաբերյալ գրառումը

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ, «Անկախ դիտորդ» դիտորդական դաշինքի անդամ Դանիել Իոաննիսյանը ԿԸՀ հորդորով հեռացրեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանի վերաբերյալ գրառումը։
 
Ինչպես հայտնել ենք, ԿԸՀ-ն այսօր մերժեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացրած դիմումը «Անկախ դիտորդ» դաշինքի կազմում ընդգրկված «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությանը դիտորդական հավատարմագրումից զրկելու վերաբերյալ։ ԿԸՀ-ն միաժամանակ որոշեց, որ դաշինքը պետք է ջանքեր գործադրի իր կողմից հավատարմագրման ներկայացված դիտորդ Դանիել Իոաննիսյանի կողմից Էդմոն Մարուքյանի վերաբերյալ հրապարակված և տարածած նյութերը, Իոաննիսյանի գրառումները վերացնելու ուղղությամբ։
Իր հերթին Մարուքյանը նշել էր՝ եթե գրառումը հեռացվի, իրենք կբավարարվեն այդ քայլով, եթե ոչ՝ կդիմեն դատարան։
 
«ԿԸՀ հորդորով (ոչ պահանջով), ի հարգանք 10+ տարվա գործընկերության, հեռացնում եմ թեկնածուներից մեկի մասին շաբաթվա սկզբում կատարածս գրառումը։ Բայց, քանի որ հարցն այդ ռակուրսից շատ քննարկվեց, ասեմ, որ եթե ԿԸՀ անդամներին ներկայացնող պահանջը օրենսդիրը ձևակերպել է «զսպվածություն», դիտորդի համար սահմանված պահանջը «չեզոքություն» է։ Հետևաբար բառապաշարի առումով նույնանման ակնկալիքներ չեն կարող լինել դիտորդից ու հանձնաժողովի անդամից»,- գրել է Իոաննիսյանը։
Հիշեցնենք` Մայիսի 26-ին «Անկախ դիտորդ» դաշինքի անդամ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել, թե «ռուսաստանյան ФСБ–ի թղթերում» ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը նշված է որպես ЛОМ (лидер общественного мнения)։

  • Կիսվել: