հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Դա անհեթեթության գագաթնակետն է. Փաշինյանը՝ Աննա Հակոբյանի կողմից պետական ինքնաթիռն իբրև թե օգտագործելու մասին

Դա անհեթեթության գագաթնակետն է. Փաշինյանը՝ Աննա Հակոբյանի կողմից պետական ինքնաթիռն իբրև թե օգտագործելու մասին

«Մեզ ոգևորում է, որ բամբասանքներ ստեղծելու և տարածելու համար մարդիկ միլիոնավոր դոլարներ են ծախսում»,-այս մասին այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ իր ֆեյսբուքյան էջով ուղիղ եթերի ժամանակ:

Նա, մասնավորապես, ասաց. «Մենք տեղեկություններ ունենք, որ կան բամբասանքներ, որոնք ստեղծելու եւ տարածելու համար որոշ մարդիկ միլիոնավոր դոլարներ են ծախսում եւ այդ միտքը մեզ, անկեղծ ասած, ոգեւորում է:Որովհետեւ եթե մենք այդ բամբասանքները հերքենք, իրենք ստիպված են լինելու ավելի մեծ փողեր ծախսել նոր բամբասանքներ ստեղծելու վրա: Սա նախկին կոռուպցիոներներին սնանկացնելու բավականին հուսալի ճանապարհ է»:

Նա նշեց նաև, որ կա նաև այլ ճանապարհ՝ այն է՝ իրավապահներին դիմելը: «Բայց նաեւ պետք է ֆրուստրացիայի ենթարկել այն մարդկանց, որոնք թալանված միլիոնները դնում են մեր ընտանիքի մասին բամբասանքներ ստեղծելու, դրանք ֆեյք լրատվամիջոցների միջոցով տարածելու վրա»,-ասաց վարչապետը:

Փաշինյանն ասաց, որ ոչ մի բամբասանք անպատասան չի մնա, այնպես որ՝ կոռուպցիոներները թող նորից փողերը հանեն՝ նոր բամբասանքների ստեղծման ու տարածման համար. «Մենք չենք թողնելու, որ իրենց ծախսած որեւէ կոպեկ արդյունավետ լինի»:

Վարչապետը, մասնավորապես, անդրադարձավ իր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի անվան շուրջ պտտվող լուրերին, իբրև թե նա պետական ինքնաթիռն օգտագործել է ինչ-որ նպատակով:

«Դա անհեթեթության գագաթնակետն է, որովհետե Աննան առանց ինձ այդ ինքնաթիռ որեւէ անգամ ոտք չի դրել, եւ չեմ կարծում, որ որեւէ մեկը նրան կթողնի 100 մետր շառավղից մոտենալ դրան»,-վստահեցրեց վարչապետը:

Փաշինյանը խոսեց նաև այս տարվա սեպտեմբերի 21-ին չարտերային չվերթով իր՝ Լոս Անջելես մեկնելու մասին:

 «Նախ՝ ես այդ օրը պետք է մասնակցեի Գյումրիում պետական տոնակատարություններին, անպայման պետք է մեկնեի Լոս Անջելես, պետք է մեկնեի Սան Խոսե, անպայման պետք է մեկնեի Նյու Յորք՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեային մասնակցելու, եւ անպայման պետք է հասցնեի հետ գալ, որպեսզի ներկա լինեի Սինգապուրի վարչապետի պաշտոնական այցին, որը սկսվեց սեպտեմբերի 28-ին:  Ինչքան էլ պրպտեցի, ոչ մի այլ տարբերակ չկար, որ ես այդ բոլոր միջոցառումներին հասցնեի մասնակցել, որոնք դեռ անցած տարվանից պլանավորված էին»,-ասաց Փաշինյանը:

  • Կիսվել: