Ցորենը մասնավորն է գնել, պետական գնում չէ․ Պապոյանը՝ Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան տեղափոխվող հացահատիկի մասին
Բանական միտք չէ այն, որ եթե մեր երկրի սահմանները բացում ենք, ապա կախման մեջ ենք ընկնում Ադրբեջանից: Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ խոսելով Ադրբեջանի տարածքով ցորեն ներմուծելու շուրջ ընդդիմության հայտարարությունների մասին:
Պապոյանը, մասնավորապես, նշեց. «Եթե այդքան լավ բան է փակ սահմանը, կներեք, եկեք այն երկու սահմանն էլ փակենք: Սա աբսուրդ է: Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանի հետ սահմանը փակել էին, որպեսզի Հայաստանը տնտեսապես չզարգանար, որպեսզի իրենք կարողանային իրենց խնդիրները լուծել: Սա մեր դիվերսիֆիկացիայի և քաղաքականության, ռազմավարության հետ է կապված: Մենք հիմա ի՞նչ ենք ասում, մենք ասում ենք՝ ոչ թե, այսպես ասած, աշխարհից պետք է կախված լինենք մեկ հաստ պարանով, այլ պայմանական, ավելի բարակ 100 պարանից»,:
Պապոյանի խոսքով՝ Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան ճամփա ընկած հացահատիկն առաջին ծիծեռնակն է:
«1,000 տոննա ռուսական և 1,000 տոննա ղազախական ցորենը մասնավորն է գնել: Սա պետական գնում չէ: Մանսավորը գումարը փոխանցել է Ռուսաստան և Ղազախստան, էնտեղ բարձել են իր ցորենը, և այն հասնում է Հայաստան»,-նշեց նախարարը:
Նա նաև ասաց, որ Ռուսաստանից ցորենի առաջին խմբաքանակը Ադրբեջանի տարածքով հասել է Հայաստան։
«Սա ռուսական ցորենն է, որը սովորաբար գալիս էր Վերին Լարսով։ Գիտեք՝ այնտեղ ինչպիսի դժվարություններ կային, հերթեր, միևնույն ժամանակ տրանսպորտային հաղորդակցությունը բավականին խոչընդոտներ ուներ։ Սա Ռուսաստանի տարածքով երկաթուղով եկել է Ադրբեջան, և քանի որ Հայաստան-Ադրբեջան այս պահին ուղիղ երկաթուղային հաղորդակցություն մենք չունենք, մտել է Վրաստան, և Վրաստանից՝ Հայաստան»,-հավելեց Պապոյանը:


