շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
«Չտեսավ պատից կախ, տեսավ ճակատից կախ. բոթասներդ հիշի, արա». Փաշինյանը` նախկին նախագահների մասին

«Չտեսավ պատից կախ, տեսավ ճակատից կախ. բոթասներդ հիշի, արա». Փաշինյանը` նախկին նախագահների մասին

2021–ի ընտրություններում նախկին նախագահներից առնվազն երկուսը առաջադրված էին, և նրանք բանավեճի չեկան և չմասնակցեցին։ Ես կարող եմ իմ կողմից ասել, որ վճռական եմ հաջորդ բանավեճին մասնակցելու և բանավեճի իմ հրավերը շարունակում է մնալ ուժի մեջ։ Այս մասին այսօր ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այդ մարդիկ մի կողմից ասում են, որ ինձ հետ բանավիճելու բան չունեն, բայց հենց սկսում են խոսել, 4–րդ վայրկյանից ինչ որ խոսում են, ամբողջը ինձ հետ բանավեճ է։

Այսօրվա հարցուպատասխանին ընդդիմությունը ներկա չի։ Բյուջեի քննարկման ժամանակ հարցեր են տալիս զեկուցողներին, որը իմ լիազորություններին վերաբերող հարցեր են։ Խոսում են 44–օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի մասին, և իրենց հարցազրույցներում խոսում են պատերազմի ժամանակվա իրադարձությունների մասին։ Կարծես մոռացվել է, որ ես 5 ժամ ուղիղ եթերում հարցերին ուղիղ եթերում պատասխանել եմ։ Էդպիսի մի դրվագ չկա, որին ես չեմ անդրադարձել։ Հիմա շատ լավ տրյուկ է՝ մտածել, որ քանի տարի անցել է, մարդիկ երևի մոռացել են, մի հատ էլ էն նույն բանը ասենք, և ըստ էության,նրանք խոսում են միայն էդ ժանրով։

Նրանք, բացի ինձ հետ բանավիճելուց ուրիշ բան չեն ասում։ Ինչ ասում են՝ ամբողջը ինձ հետ բանավեճ է։ Ես հիմա զգում եմ, որ մարդիկ որոշակի դժգոհ են, որ մենք անընդհատ արձագանքում ենք իրենց։ Ասում են՝ ինչքա՞ն կարելի է իրենց հետ խոսել։ Մյուս կողմից, եթե անարձագանք թողնենք, այդ մոռացությանն ֆենոմենն օգտագործելով կասեն՝ դե տեսեք, ասեցինք, ձեն չհանեցին։

Իրականում այդ բանավեճի պահանջարկը կա և միայն այն ժամանակ է ավարտվելու, երբ դեմ–դիմաց գան, խոսեն, և հանրությունն ի վերջո բոլոր հարցերի պատասխանները ստանա էդ ֆորմատով»,–ասաց Փաշինյանը։

Նա նկատեց, որ կայացած ժողովրդավարության համակարգերում բանավեճից հրաժարվելը, ըստ էության երաշխիք է ընտրական խոշոր անհաջողության. «Ես 2020–ից հետո, կովիդյան շրջանում օնլայն հարցազրույցներ էի անում, մեծ աղմուկ էր բարձրանում, որ լրագրողների հետ չեմ շփվում։ Այդ մարդիկ թող գան լրագրողների միջավայրում գան ու պատասխանեն հարցերին, ոնց որ ես եմ պատասխանում։ Իսկ էդ մարդիկ հրավիրում են իրենց կողմից ֆինանսավորվող և իրենց պատվերով կառավարությանը և իշխող մեծամասնությանը հայհոյող ինչ–որ անձանց ու նրանց առջւ կանգնած խրոխտ հարցազրույցներ են տալիս։ Ձեր նշած մարդն էլ ասում էր՝ ձեզ թվում է, թե ինձ հաճելի՞ է գնամ ընտրությունների ժամանակ էդքան ժողովրդի հետ շփվեմ։

Էն որ ասում են՝ չտեսար պատից կախ, տեսար ճակատից կախ։ Այսինքն դու էնքան կաս, որ մի հատ էլ ասում ես՝ դե ժողովրդի հետ ինչ շփվեմ։ Բոթասներդ հիշի, արա»,– հայտարարեց Փաշինյանը։

  • Կիսվել: