երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Չկա ավելի մեծ այլասերվածություն, քան դաշնակցաբոլշևիկյան դաշինքը. Ռուբեն Ռուբինյան

Չկա ավելի մեծ այլասերվածություն, քան դաշնակցաբոլշևիկյան դաշինքը. Ռուբեն Ռուբինյան

ԱԺ ամբիոնից ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի ելույթին:

Անդրադառնալով Մանուկյանի մեղադրանքներին, որը իշխանություններին մեղադրում էր «հակադաշնակցական բոլշևիկյան պայքարի ժառանգորդներ» լինելու մեջ, հիշեցրեց՝ Կոմկուսի վառ ներկայացուցիչ Վարդանիկը (Վարդան Ղուկասյան - խմբ.) Գյումրիում ում աջակցությամբ դարձավ քաղաքապետ:

«Հետո էլ մեզ եք մեղադրում այլասերվածություն քարոզելու համար: Չկա ավելի մեծ այլասերվածություն, քան դաշնակցաբոլշևիկյան դաշինքը: Ու պարզ է, որ Վարդանիկի նման մեկը պիտի ծնվեր այլ այլասրերված խաչաձևումից: 

Պարոն Մանուկյանը չի գնահատում նաև իմ բարությունը: Երեկ խոստացավ իր անունը փոխել, եթե ես ապացուցեմ, որ եղել է հայտարարություն երեք ավանդական կուսակցությունների, այդ թվում՝ Դաշնակցության, որը դեմ էր անկախությանը, ու չնայած ես իրեն կոչ արեցի չփոխել իր անունը, եկել ու ինձ մեղադրում է սուտ խոսելու մեջ»,- հայտարարեց Ռուբինյանը:

Նրա խոսքով՝ Մանուկյանի մեղադրանքները հեշտորեն հերքվում են, քանի որ «փաստերը համառ բան են»:

Ռուբինյանը մեջբերումներ կատարեց Դաշնակցության «Դրոշակ» պաշտոնաթերթից, որում դաշնակցական մի շարք գործիչներ դեմ են հանդես եկել ՀՀ անկախությանը:

Ռուբինյանը նկատեց՝ հիմա մարդկանց մոտ կարող է հարց ծագել՝ ինչու է ինքը խորացել 1988,1989, 1991 թվականների մեջ, պարզաբանեց՝ խորացել է, քանի որ նրանք չեն փոխվել:

«Դուք չեք փոխվել, սիրելինե՛րս, որովհետև 1991-ից հետո գալիս է 2022-ը, և ընդունվում է Դաշնակցության հանրահայտ 004 շրջաբերականը, որտեղ ասվում է. «Անհրաժեշտ է կենտրոնացնել ազգային ողջ ներուժը, որպեսզի Արցախը չդառնա այն գինը, որի հաշվին Ադրբեջանը կարող է ինտեգրվել Ռուսաստանի նախաձեռնելիք հավանական նոր միությանը: Այդ նպատակով անհրաժեշտ է Արցախում և Հայաստանում  և Սփյուռքում սկսել նոր պայքար, նկատի ունենալ նաև, որ Ռուսաստանը կարող է Արցախն իր ենթակայությանը ուղղակիորեն ենթարկելու սցենար մշակել և գործադրել այն: Աշխատանք տանել, որպեսզի հավանական միության ձևավորման դեպքում Արցախի ու Հայաստանի ճակատագրերը լուծվեն որպես մեկ ամբողջություն: Նկատի ունեք այդ միության մեջ»,- ԱԺ նախագահի տեղակալը մեջբերեց շրջաբերականից մի հատված ՝ Դաշնակցությանը մեղադրելով Հայաստանի անկախությանը միշտ դեմ լինելու մեջ:

«Հիմա էլ եք դեմ: Կարծում եմ՝ դուք Ստոկհոլմյան սինդրոմի զոհ եք, քանի որ ձեզ մի անգամ բախտ է վիճակվել ղեկավարել Հայաստանը, որը անկախացել է 600 տարի անց, 2 տարի չեք կարողացել պահել անկախությունը, բայց ես ենթադրում եմ դա ձեզ վրա անդրադարձել է՝ դուք ձեզ մեղավոր եք զգացել և ընկել եք Ստոկհոլմյան սինդրոմի մեջ:

Ժողովուրդ ջան, ամոթ չի փոխվելը: Մեր կուսակցությունը, մենք փոխվել ենք, երբ դու հասկանում եք մի ճանապարհը սխալ է, գնում ես մյուս ճանապարհով: Մենք ունենք անկախ հանրապետություն, մեր աչքի լույսը, եկեք իրար հետ փայփայենք դա»,- հայտարարեց Ռուբինյանը:

  • Կիսվել: