կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Փաշինյանը պետք է ավելի շուտ դադարեցներ պատերազմը. Ղազինյան

Փաշինյանը պետք է ավելի շուտ դադարեցներ պատերազմը. Ղազինյան

Նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որը տեսականորեն կարող էր ստորագրվել հոկտեմբերի 19-ին, ստորագրվեց Ադրբեջանի դրոշի օրը, ստորագրվեց այն ժամանակ, երբ Շուշին հանձնվեց, դա արժանապատվության նվաստացում է: Այս մասին Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության քննարկման ժամանակ  ասաց «Հայաստան» խմբակության պատգամավոր Արթուր Ղազինյանը:

Խոսելով նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի ստորագրման մասին՝ Ղազինյանը նշեց, որ այն պետք էր ավելի շուտ ստորագրել՝ նոր կորուստներից խուսափելու համար:

«Մենք չենք ասում ինչու է այն ստորագրվել, որովհետև  այն իրավիճակում էինք, որ այլևս հնարավոր չէր դա չստորագրել: Հարցը այն է՝ ինչու մենք դրան հասանք: Նիկոլ Փաշինյանի կողմից եղել է ընդամենը մեկ պատասխան՝ ինձ կասեին դավաճան: Հարցն այն է՝ ինչու չեղավ հերթական ուղիղ եթերը և ինչու դա արվեց գաղտնի:

Եթե քաղաքական իշխանության գործողությունները վտանգում են զինվորի կյանքը, եթե քաղաքական իշխանությունը ադեկվատ չի արձագանքում իրավիճակին՝ հարվածի տակ դնելով զինվորների կյանքն ու առողջությունը, երբ իրեն հորդորում են դադարեցնել պատերազմը, սակայն մերժում է պատերազմը դադարեցնելու առաջարկները, այդ պարագայում Գլխավոր շտաբն իր սահմանադրական պարտականությունները կատարելու նպատակով կարող է պահանջել քաղաքական իշխանության հրաժարականը: Քանի որ քաղաքական սխալների պատճառով է զինվորը ստիպված լինում կրակել»,-ասաց նա:

Ղազինյանը իր խոսքում անդրադարձավ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած ողբերգության բացահայտմանը՝  նշելով.

«Հոկտեմբերի 27-ը քննելու համար առկա են եղել բոլոր անհրաժեշտ գործիքները՝ և՛ Քննչական խումբ, և՛ Գլխավոր դատախազ, և՛ ԱԱԾ, տրվել են հնարավոր կասկածները փարատելու համար: Ոչ միայն այն ժամանակ դա տեղի չունեցավ, այլ չի էլ լինելու, որովհետև ամեն ինչ շատ պարզ է»:

Անդրադառնալով ԱԽՔ-ի  հապարակած ձայնագրությանը և այն հայտարարությանը, որ Գլխավոր Շտաբը  չի պահանջել դադարեցնել պատերազմը, Ղազինյանը նշեց.

«Իսկ եթե հրապարակվեն ձայնագրության այնպիսի հատվածներ, որտեղ իրականում դա ասվում է, միգուցե եղել է այլ հանդիպում, որի ժամանակ դա ասվել է: Իմ կարծիքով չէր կարող լինել այդ աստիճան սուտ տեղեկատվություն Գլխավոր Շտաբի պետի կողմից: Եթե եղել է, դա ձեր սխալն է, որ նման ստախոսին նշանակել եք Գլխավոր շտաբի պետ»:

Ղազինյանը  հավելեց, որ հանձնաժողովի տեղակալի պաշտոնում չընտրելը ոչինչ չի փոխելու, քանի որ իր նպատակը ԱԺ-ում պետությանը և ժողվրդին ծառայելն է լինելու:

Հիշեցնենք, որ Անվտանգության խորհրդի գրասենյակը, ի հավելումն ԱԽ գրասենյակի կողմից 2021թ. ապրիլի 15-ի հրապարակման,  ներկայացրել էր ԱԽ գրասենյակի կողմից հրապարակված Անվտանգության խորհրդի 30.09.2020թ. նիստի արձանագրության գաղտնազերծված հատվածների ձայնագրությունը։

  • Կիսվել: