կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Բրյուսելում նախատեսված հանդիպումը չկայացավ, հաջորդ հանդիպման հրավեր չեմ ստացել Շառլ Միշելից. ՀՀ վարչապետ

Բրյուսելում նախատեսված հանդիպումը չկայացավ, հաջորդ հանդիպման հրավեր չեմ ստացել Շառլ Միշելից. ՀՀ վարչապետ

Փարիզի խաղաղության 6-րդ ֆորումի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման հավանականությանը և հույս հայտնել, որ այն կստորագրվի՝ հիմնվելով Բրյուսելում կայացած բանակցություններում համաձայնեցված երեք սկզբունքների վրա:

Նա, մասնավորապես, նշել է. «Սկզբունք համար 1. Հայաստանն ու Ադրբեջանը լիովին ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ հիմնվելով այն գիտակցության վրա, որ Հայաստանի տարածքը զբաղեցնում է 29.800 քառակուսի կիլոմետր, իսկ Ադրբեջանինը՝ 86.600 քառակուսի կիլոմետր տարածք։

Սկզբունք համար 2. Հայաստանն ու Ադրբեջանը հաստատում են իրենց անվերապահ հավատարմությունը 1991 թ. Ալմա Աթայի հռչակագրին՝ որպես սահմանազատման քաղաքական շրջանակ»:

Փաշինյանը հիշեցրել է, որ Ալմա-Աթայի հռչակագիրը ստորագրվել է Խորհրդային Միության 12 հանրապետությունների կողմից 1991 թ. դեկտեմբերի 21-ին:

«Այդ հռչակագրով նախկին ԽՍՀՄ 12 հանրապետությունները, ներառյալ Ադրբեջանը և Հայաստանը, ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, գոյություն ունեցող վարչական սահմանների անձեռնմխելիությունը, հետևաբար Խորհրդային Միության հանրապետությունների միջև գոյություն ունեցող վարչական սահմանները դառնում են պետական սահմաններ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

«Սկզբունք համար 3. Տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման ապագա տրանսպորտային կարգավորումները հարգելու են բոլոր երկրների ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության և հավասարության սկզբունքները: Մենք այս սկզբունքների շուրջ պայմանավորվածությունը ձեռք ենք բերել Բրյուսելում Ադրբեջանի նախագահի հետ բանակցությունների ընթացքում, և այդ պայմանավորվածություններն արձանագրվեցին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարություններում՝ 2023 թվականի մայիսի 14-ի և հուլիսի 15-ի եռակողմ հանդիպումներից հետո։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը նույնպես իրենց աջակցությունն են հայտնել այս սկզբունքներին, որն արտահայտված է Շառլ Միշելի, Օլաֆ Շոլցի, Էմանուել Մակրոնի և իմ կողմից ստորագրված Գրանադայի քառակողմ հայտարարության մեջ։ Եվ եթե Ադրբեջանը չմերժի այդ սկզբունքները, դա կնշանակի, որ առաջիկա ամիսներին Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը շատ իրատեսական է դառնում։

Ցավոք, Ադրբեջանի նախագահը հրաժարվեց մասնակցել անցյալ ամիս Գրանադայում կայացած հնգակողմ հանդիպմանը։ Հոկտեմբերին Բրյուսելում նախատեսված եռակողմ հանդիպումը չկայացավ, և ես հաջորդ հանդիպման հրավեր չեմ ստացել Շառլ Միշելից։ Հուսով եմ, որ ԵՄ մեր գործընկերները հավատարիմ են իրենց պարտավորություններին»,- նշել է Փաշինյանը:

  • Կիսվել: