շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Բնականաբար կա մտահոգություն այդ ձայնագրությունը լսելու արդյունքում․ Արթուր Հովհաննիսյանը՝ Ջհանգիրյանի մասնակցությամբ ձայնագրության մասին

Բնականաբար կա մտահոգություն այդ ձայնագրությունը լսելու արդյունքում․ Արթուր Հովհաննիսյանը՝ Ջհանգիրյանի մասնակցությամբ ձայնագրության մասին

Բնականաբար կա մտահոգություն այդ ձայնագրությունը լսելու արդյունքում, գիտեք, որ Դատախազություն ուսումնասիրում է այդ ձայնագրությունը, և ես պետք է խնդրեմ սպասենք այդ ուսումնասիրության ավարտին: Անդրադառնալով Գագիկ Ջհանգիրյանի և Ռուբեն Վարդազարյանի մասնակցությամբ ձայնագրությանը՝ լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:

«Քաղաքական գնահատական ևս կհնչի, երբ Դատախազության ընդունած վարույթի արդյունքում մենք մանրամասներին տեղեկանանք»,- ասաց Հովհաննիսյանը։

Լրագրողի այն հարցին, թե ինչու են մինչև հիմա շարունակվում նման միջադեպեր տեղի ունենալ, Հովհաննիսյանն ասաց. «Մենք եկել ենք ՀՀ-ում արդարությունն ու արդարադատությունը վերականգնելու համար և գնում ենք այդ ճանապարհով ու հետ չենք կանգնելու: Այո, մենք բացառում ենք նման իրավիճակ մեր երկրում, բայց ցավոք սրտի, երբեմն դեպքեր են տեղի ունենում, որոնք դեռևս կարգավորումների կարիք ունեն»:

Անդրադառնալով լրագրողի հարցին, թե արդյոք խմբակցության ներսում կքննարկվի այս հարցը, ՔՊ խմբակցության քարտուղարն ասաց, որ բնականաբար կքննարկվի. «Ցանկացած իրադարձություն, որը տեղի է ունենում երկրում՝ բնականաբար խմբակցության ուշադրության կենտրոնում է, թե ինչ ֆորմատով այդ քննարկումները տեղի կունենան՝ այս պահին չեմ կարող ասել»:

Հովհաննիսյանը՝ խոսելով ձայնագրության բովանդակային այն հարցերի մասին, որոնք վերաբերում էին Քոչարյանին, Վանեցյանին՝ նշեց, որ մինչև դատախազության կողմից ուսումնասիրության արդյունքում ձայնագրության ճշմարտացիության և իսկության վերաբերյալ հայտարարություն չհնչի, ոչինչ մեկնաբանել չի կարող, իսկ ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք Քոչարյանի մասին հայտարարությունը նաև իշխանության տեսակետն է, ՔՊ  խմբակցության քարտուղարն ասաց, որ դա ՀՀ քաղաքացիների տեսակետն է, որն արտահայտվել է ընտրությունների ժամանակ:

Անդրադարձ եղավ նաև մամուլում շրջանառվող այն լուրերին, որ ԲԴԽ նախագահ է դառնալու Արթուր Դավթյանը. «Նման բան գոյություն չունի, ինչ-որ մեկի ենթադրությունն է, որ Դավթյանը դառնալու է ԲԴԽ նախագահ»,- ասաց Հովհաննիսյանը և հավելեց, որ դա չի կապում այս միջադեպի հետ:

Լրագրողները նաև հարց հնչեցրին կապված վարչապետի օգնականի Գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրվելու հետ. «Տիկին Վարդապետյանը վարչապետի իրավական հարցերով օգնականն է եղել, ունի շատ բարձր պրոֆեսիոնալիզմ, սկզբունքայնություն: Խմբակցության հետ երկու ժամից ավելի տևած հանդիպմանը մենք շատ մանրամասն քննարկել ենք պաշտոնի հետ կապ ունեցող բոլոր հնարավոր դետալները և դրանից բխող առանձահատկությունները, և ես կարող եմ վստահություն հայտնել, որ տիկին Վարդապետյանը պատվով կկատարի իր առաքելությունը»:

  • Կիսվել: