չորեքշաբթի, հուլիս 3
3 / 7 / 2024
Բլինքենը հայտարարել Է Բաքվի և Երևանի միջև խաղաղ պայմանավորվածությունների հնարավորության մասին

Բլինքենը հայտարարել Է Բաքվի և Երևանի միջև խաղաղ պայմանավորվածությունների հնարավորության մասին

Վաշինգտոնի վարչակազմը կարծում է, որ այժմ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ պայմանավորվածությունների ձեռքբերման բացառիկ հնարավորություն կա: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ ելույթ ունենալով Բրուքինգսի ինստիտուտում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

՛՛Երկրների միջև խաղաղ պայմանավորվածություններն իրագործելու բացառիկ հնարավորություն կա, ինչը կդադարեցնի տասնյակ տարիներ շարունակվող հակամարտությունը և, կարծում եմ, տարածաշրջանում հսկայական հնարավորություններ կստեղծի տնտեսական կապերի, տնտեսական աճի, արևելքի և արևմուտքի, հարավի և հյուսիսի երկրների միջև կապերի հաստատման տեսանկյունից: Ադրբեջանը պետք է վճռորոշ դեր խաղա դրանում՛՛,-ասել է ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

՛՛Մենք դրան ակտիվորեն ձգտում էինք դիվանագիտության միջոցով՝ փորձելով Ադրբեջանին և Հայաստանին մոտեցնել խաղաղ պայմանավորվածություններին՛՛,-պնդել է Բլինքենը: ՛՛Եվ, կարծում եմ, հիմա դա իսկապես հասանելի է։ Ես այդ մասին խոսել եմ միայն մոտ մեկ շաբաթ առաջ [Ադրբեջանի] նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Կարծում եմ ՝ դա իրագործելի է և լիովին համապատասխանում է Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդների, ինչպես նաև ողջ տարածաշրջանի շահերին՛՛,-հավելել է նա։

Ալիևն ավելի վաղ հայտարարել էր, որ Ադրբեջանն ու Հայաստանը կարող են մի քանի ամսվա ընթացքում ավարտել խաղաղ պայմանագրի տեքստի վրա աշխատանքը: Ադրբեջանի նախագահն ընդգծել է, որ խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել միայն այն դեպքում, եթե Հայաստանը փոխի իր Սահմանադրությունը: Նրա կարծիքով՝ Հայաստանի Սահմանադրությունը ՛՛տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ՛՛։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: