ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Բեյրութում եղածից հետո խնդիր էի դրել, որ ՀՀ-ում նման պայթյուն չպետք է լիներ, հանձնարարական էի տվել

Բեյրութում եղածից հետո խնդիր էի դրել, որ ՀՀ-ում նման պայթյուն չպետք է լիներ, հանձնարարական էի տվել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության նիստում անդրադառնալով «Սուրմալուում» տեղի ունեցած պայթյունի դեպքին, Պետական վերահսկողական ծառայությանը հանձնարարեց ստուգել, թե ինչպես են կատարել իր` 2 տարի առաջ տված հանձնարարականը։
Նա նշեց, որ 2020-ի օգոստոսին Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո հանձնարարական է տվել գերատեսչություններին, որ տեղեկություններ հավաքեն այն օբյեկտների մասին, որոնք գործ ունեն պայթյունավտանգ նյութերի հետ և որտեղ կարող են լինել նման նյութեր։
 
«Առաջին գործողությունը, որն արել եմ դրանից հետո, արված աշխատանքի հաշվետվություն եմ ուզել, որը հիմա ամփոփվում է։ Հիմա ՊՎԾ–ին հանձնարարում եմ, որ ստուգեն, թե իմ տված հանձնարարականն ինչպես է կատարվել։ Խնդիրը դրված է եղել այնպես, որ Բեյրութում տեղի ունեցածից հետո Հայաստանում նման բան տեղի չունենա»,–ասաց Փաշինյանը։
Նա նշեց նաև` տեղյակ է, որ հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմինը 2021-ի գարնանը ստուգումներ է արել «Սուրմալուում» և խախտումներ գտել։
Փաշինյանն իր խոսքի վերջում ցավակցեց զոհվածների ընտանիքներին։

  • Կիսվել: