«Բարգավաճ Հայաստանն» այսօր ակցիա կիրականացնի ԿԸՀ-ի դիմաց
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված երկու հայցերը, սակայն դատավոր Արթուր Ավագյանը արձանագրել է խախտում և վերաքվեարկություն նշանակելու անհրաժեշտություն։ Այս մասին հայտնում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից:
«Այդ իսկ պատճառով, կոչ ենք անում բոլորին հունիսի 14-ին ժամը 17։30-ին հավաքվել ԿԸՀ մոտ, որտեղ ամփոփվելու են ընտրության արդյունքները։ Կոչ ենք անում ընդդիմադիր դաշտի մեր բոլոր գործընկերներին, հասարակական–քաղաքական հանրույթի ներկայացուցիչներին, մեր բոլոր ակտիվ ու սրտացավ քաղաքացիներին միասնական ճակատով պայքարել հանուն արդարության։ Սա պայքար է արդարության համար, ոչ թե մեկ կուսակցության շահի, սա պայքար է ընտրողի իրավունքի վերականգման համար, սա պայքար է մեր բոլորի վաղվա օրվա համար»,-ասված է հայտարարության մեջ։
Նշենք, որ ավելի վաղ հայտնի է դարձել, որ Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված երկու հայցերը, որոնցով կուսակցությունը վիճարկում էր երկու ընտրատեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ ԿԸՀ-ի 254- Ա և 255-Ա որոշումները։ Վիճարկվող որոշումներով անվավեր էին ճանաչվել Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի թիվ 10/51 և Սյունիքի մարզի Ագարակ համայնքի թիվ 35/65 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները։
ԿԸՀ-ն ստիպված է լինելու վերաքվեարկության մասին որոշում կայացնել:



