երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Բարձր են գնահատվել ԵՄ վիզաների ազատականացման ուղղությամբ Հայաստանի կողմից իրականացվող քայլերը․ ՆԳ նախարարն ընդունել է Էդրիեն Կիրալիին

Բարձր են գնահատվել ԵՄ վիզաների ազատականացման ուղղությամբ Հայաստանի կողմից իրականացվող քայլերը․ ՆԳ նախարարն ընդունել է Էդրիեն Կիրալիին

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հոկտեմբերի 30-ին ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և Արևելյան հարևանության գլխավոր տնօրինության Արևելյան հարևանության և Թուրքիայի հարցերով տնօրեն Էդրիեն Կիրալիի գլխավորած պատվիրակությանը։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից:
 
Բարձր գնահատելով ԵՄ-ի հետ սերտ համագործակցությունը՝ նախարար Սարգսյանն ընդգծել է վիզաների ազատականացման ուղղությամբ իրականացվող գործուն քայլերն ու շոշափելի արդյունքները։ Նա կարևորել է, որ շուտով Հայաստանի կառավարությանը կհանձնվի Գործողությունների ծրագիրը, ինչն էական խթան կհանդիսանա գործընթացներում։
 
Արփինե Սարգսյանը նշել է նաև Հայաստանում բիոմետրիկ համակարգի ներդրումը, որի արդյունքում 2026 թվականից քաղաքացիներին կտրամադրվեն նոր նմուշի անձնագրեր և նույնականացման քարտեր։
 
Նախարարն ընդգծել է, որ Միգրացիոն ռազմավարության մշակման աշխատանքները շարունակվում են, և մինչև տարեվերջ պատրաստ կլինի կոնցեպտը։ Ակտիվ փուլում են նաև Խտրականության արգելման դեմ օրենսդրության մշակման ուղղությամբ աշխատանքները։ Բացի այդ նշվել է, որ առաջիկայում Հայաստանում առաջին անգամ ընդունվելու է Հանցավորության կանխարգելման միասնական ռազմավարություն, և այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները ևս ակտիվ փուլում են։
 
Էդրիեն Կիրալին իր խոսքում կարևորել է երկկողմ արդյունավետ գործընկերությունը և այն շարունակելու պատրաստակամություն հայտնել։ ԵՄ գործընկերները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը։ Նրանք բարձր են գնահատել ԵՄ վիզաների ազատականացման ուղղությամբ Հայաստանի կողմից իրականացվող քայլերը։
 
Համագործակցության ամրապնդման տեսանկյունից կարևորվել է Եվրոպոլում Հայաստանի կողմից կապի սպայի նշանակումը, որի թեկնածությունը շուտով կներկայացվի։
 
Քննարկվել են նաև սահմանների կառավարման, ոստիկանության ոլորտում համագործակցության ընթացիկ ծրագրերին առնչվող հարցեր։
 

  • Կիսվել: