չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Ադրբեջանը կրկին սպառնացել ու տարածքային պահանջներ է ներկայացրել Հայաստանին

Ադրբեջանը կրկին սպառնացել ու տարածքային պահանջներ է ներկայացրել Հայաստանին

Հայաստանի և Ադրբեջանի  միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների 7-րդ  հանդիպումից հետո   Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուսթաֆաևի գրասենյակը հայտարարություն է տարածել՝ հերթական անգամ տարածքային պահանջներ ներկայացնելով Հայաստանին։

«Ինչ վերաբերում է Հայաստանի կողմից օկուպացված ադրբեջանական չորս ոչ էքսկլավային գյուղերին՝ Բաղանիս Այրումին, Աշաղը Ասքիփարային, Խեյրիմլիին և Ղըզըլհաջիլիին, ապա դրանց պատկանելությունը Ադրբեջանին կասկածներ չի հարուցում, և դրանք ենթակա են անհապաղ ազատման», - APA գործակալության փոխանցմամբ` հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետի գրասենյակը։

Պաշտոնական Բաքուն պնդում է նաև, որ «սահմանների դելիմիտացիայի ընթացքում կորոշվի Հայաստանի կողմից օկուպացված ադրբեջանական չորս էքսկլավային գյուղերի ճակատագիրը»։ Ըստ Մուստաֆաևի գրասենյակի, դրանք են՝ Տավուշում գտնվող Յուխարի Ասքիփարա, Սոֆուլու, Բարխուդարլու,ինչպես նաև Նախիջևանին սահմանակից Քյարքի (հայկական անվանումը՝ Տիգրանաշեն) բնակավայրերը։

Նույն պարզաբանման մեջ Ադրբեջանի փոխվարչապետի գրասենյակը կտրականապես հերքում է Հայաստանի կառավարության՝ այս շաբաթ հրապարակված պնդումը, ըստ որի՝ Հայաստանի 31 բնակավայրերի տարածքների մի մասը գտնվում է ադրբեջանական ուժերի օկուպացիայի տակ։ «Անհիմն է հայտարարել, թե Հայաստանին պատկանող 31 բնակավայրերի հողերը զավթված են Ադրբեջանի կողմից», - նշված է Մուստաֆաևի գրասենյակի տարածած հայտարարության մեջ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: