Բաքուն պետք է վերջապես հասկանա, որ Արցախի հետ չի կարելի խոսել սպառնալիքների լեզվով. ԱՀ նախագահի խոսնակ
Ադրբեջանի նոր արտգործնախարարը որոշել է Արցախի հաշվին "բուռն կերպով" պաշտոնավարել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոյսյանը:
՛՛Այս երկրի արտաքին գործերի նախարարությունն այսօր տարածել է ընդարձակ հայտարարություն, որում քննադատության հիմնական թիրախը հայրենակիցներին հայրենիք վերադարձնելու ծրագիրն ու Արցախի Հանրապետության Նախագահի տնտեսական ծրագիրն են, ինչպես նաև նրա վերջին քաղաքական հայտարարությունները: Հնարավոր է, որ Ադրբեջանի նորանշանակ արտգործնախարարը քիչ փորձ ունի և չի հասկանում, որ չի կարելի միջամտել այլ երկրի ներքին գործերին, սակայն, կարծում եմ, որ դեռ ոչ բոլոր հնարավորություններն են կորսված ։
Պաշտոնական Բաքուն պետք է հաշվի նստի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հետ և հարգի այն: Այդ երկրի իշխանական վերնախավը պետք է վերջապես հասկանա, որ Արցախի Հանրապետությունը կայացած պետություն է, և չի կարելի նրա հետ խոսել սպառնալիքների լեզվով ։ Այդ քաղաքականությամբ ալիեւյան վարչակազմը շարունակում է ձախողել բանակցությունների միջոցով տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հասնելու իրական հնարավորությունները, ինչպես նաեւ խափանել այդ ուղղությամբ ԵԱՀԿ ՄԽ գործադրած բոլոր ջանքերը՛՛,-նշել է նա: