հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Բանավեճը մերժելը նշանակում է չհարգել ժողովրդին. Հայկ Կոնջորյան

Բանավեճը մերժելը նշանակում է չհարգել ժողովրդին. Հայկ Կոնջորյան

Ցանկանում եմ, որ այդ սրությունը դուրս չգա քաղաքական կոռեկտության սահմաններից. կարող ենք լինել ագրեսիվ, բավականին նախաձեռնող, քննադատ, բայց՝ պահպանելով էթիկայի կանոնները: Այդ մասին ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ անդրադառնալով բանավեճի մշակույթին: 

«Իմ քայլից» Հայկ Կոնջորյանը շեշտեց, որ քաղաքական բանավեճերի ընթացքում սրությունը ընդունված երևույթ է բոլոր ժողովրդավարական երկրներում: 

«Մենք ոչ ոքի չենք հետապնդում փողոցներում, մարդկանց չենք ծեծում, բարևելու համար մարդկանց նկատմամբ բռնություն չենք գործադրում: Դրանք մեր արժեբանության մեջ չեն, մենք մարդկանց հետ բանավիճում ենք հռետորաբանության մակարդակում: Նրանց, ովքեր հնչեցնում են սպառնալիքներ, խոսքը առաջնորդների մասին է, հրավեր կա, որ գան և ուղիղ եթերով իրենց խելացիությունը, խիզախությունը, տղամարդկությունը, հայերենին տիրապետելու հմտությունները, նաև այլ հմտություններ ի ցույց դնեն ժողովրդին: Բանավեճը ընդունելը, մերժելը նաև վերաբերմունք են ժողովրդի նկատմամբ: Ժողովուրդը, որը պետք է ընտրի, պետք է տեսնի, թե առաջնորդը ինչպես է ուղիղ եթերով իրեն դրսևորում: Եթե վախենալու բան չունեն, որ իրենց իմիջմեյքերների կառուցած միֆերը կարող են ընդամենը մի քանի րոպեների ընթացքում փլուզվել, ապա պետք է բոլորը ընդունեն բանավեճի հրավերը և ոչ թե փակ դահլիճներում ծածուկ հանդիպումներ կազմակերպեն»,- ասաց Կոնջորյանը՝ նշելով, որ բանավեճը մերժելը առաջին հերթին նշանակելու է, որ դու չես հարգում ժողովրդին, որն իրավունք ունի տեսնելու բանավեճը և իր գնահատականը տալու. մերժելը բացահայտելու է բոլոր սարսափներն ու վախերը: 

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի խոսքով՝ երեկվանից փորձերը, հող նախապատրաստելը՝ բանավեճից հրաժարվելու, կոնկրետ դաշինքի կողմից շատ հատկանշական է: «Այդ մարդիկ իրենց իշխանության տարիներին խուսափել են մարդկանց հարցերին պատասխանելուց, նաև անում են իշխանությունից հեռանալուց հետո, անում են հիմա, վստահ եմ՝ անելու են հետագայում: Փորձում են ներկայանալ ուժեղի կերպարով. ուժեղի կերպարը ենթադրում է, որ պետք է առերեսվել ցանկացած հարցի, թեկուզև՝ բարդ, և ներկայացնել իրենց հիմնավորումները՝ փաստարկված, և լսել նաև դիմացինին»,- ասաց նա:

  • Կիսվել: