Բաբայանը մեկնաբանել է ադրբեջանական ԶԼՄ-ներում տարածված` Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ հարցազրույցը
Արցախի նախկին պաշտպանության նախարար Սամվել Բաբայանը հանդես է եկել պարզաբանմամբ՝ ադրբեջանական հեռուստատեսությամբ Ռուբեն Վարդանյանի մասին ցուցադրված ֆիլմում իր քննադատական հայտարարությունների առնչությանբ։
«Ադրբեջանական որոշ լրատվամիջոցներում տարածված և տեղեկատվական աղմուկ առաջացրած ֆիլմի կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում պարզաբանել հետևյալը․
Հարցազրույց տալու առաջարկով Սամվել Բաբայանին դիմել է հայազգի Միքայել Դիշունցը՝ ներկայացնելով իսպանական «TPTM Media Spain» ընկերության նախաձեռնությունը՝ «Կամուրջներ եզրին․ Հայաստանը մայրցամաքների միջև» խորագրով վավերագրական ֆիլմի նախագիծը։ Նախագծի նպատակը, ըստ ֆիլմի ռեժիսոր Կարմեն Մարկեսի կողմից ստորագրված և ներկայացված փաստաթղթի, անդրադառնալն էր Հայաստանի եվրոպական ինտեգրման հեռանկարներին, Արցախից հետո ձևավորված նոր իրողություններին, տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումներին, տնտեսական վերափոխումներին։
Մոտ երկու ժամ տևած հարցազրույցից ֆիլմում ներառվել է ընդամենը մեկ րոպեանոց հատված, որը վերաբերում է Ռուբեն Վարդանյանին։ Վերջինիս գործունեության վերաբերյալ Սամվել Բաբայանը հանդես է եկել հրապարակային և հետևողական դիրքորոշմամբ, որից չի հրաժարվել և բազմիցս արտահայտվել է հանրային հարթակներում։
Միաժամանակ հարկ ենք համարում ընդգծել, որ հարցազրույցի տվյալ հատվածի ադրբեջանական մեդիայում հայտնվելու հանգամանքները ենթակա են պարզաբանման ոչ թե Սամվել Բաբայանի, այլ Հայաստանում ֆիլմի կազմակերպչական աշխատանքները համակարգած անձանց կողմից»:


