Բա ասեք, որ դուք եք այդ մարդկանց՝ Բաքվի բանտում լինելու հովանավորը. Ալեքսանյան
Ընդդիմադիրները ստեղծում են ֆեյք օրակարգեր ու հերոսաբար դրանք հերքում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 11–ին, ԱԺ–ում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։
«Հայաստանում կա՞ մարդ, որը համարում է, որ Բաքվի դատավարությունները շինծու չեն, կամ որ գերիները պետք է հետ գան: Ես չեմ կարծում, որ նման թեմա կա ընդհանրապես: Անիմաստ թեմա եք ստեղծում ու սկսում պայքարել: Մեր բոլոր գերիները պիտի վերադառնան, դատավարություններն էլ շինծու են»,- հայտարարեց Ռուբինյանը:
Նրա խոսքով՝ դատավորները քաղաքական գործիչներ չեն, որ անեն ընդդիմությանը հաճո հայտարարություններ, այլ եկել են դատավոր ընտրվելու համար:
Իր հերթին, ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն իր ելույթում կոչ արեց հասկանալ, թե թե այդ մարդիկ ինչու են հայտնվել Բաքվի բանտում:
«Բա այդ հարցի պատասխանը ի սկզբանե փորձեք տալ»,- հայտարարեց պատգամավորը՝ հիշեցնելով, որ իրենք կոչ են արել գնալ ու բանակցել:
«Մի հատ ասեք՝ ձեր շեֆերն ինչ էին համոզում այդ մարդկանց, ինչ էին պարտադրում, որ մենք այստեղից նշաձող իջեցնելուց էինք խոսում, դուք գալիս-ինչ էիք ասում, ինչ տեքստեր էիք ասում:
Բա գնացեք այդ մարդկանց ընտանիքներին ասեք, որ ձեր ասած տեքստերի ու պնդումների հետևանքով են բանտում: Բա ասեիք, որ Սոֆիա գնալ-բանակցելուն դեմ էիք, որ դուք եք նրանց՝ բանտում լինելու հովանավորը: Այդ պատասխանները տվեք:
Ասում են՝ վերադառնալու ենք Լեռնային Ղարաբաղ, բա մի հատ ասեք՝ ի սկզբանե ինչի են դուրս եկել ԼՂ-ից այդ մարդիկ: Էդ մարդկանց ճակատագրերը խեղեցիք, էդ մարդկանց այնտեղից բերել տվեցիք, եկաք էստեղ՝ Հակարիի կամուրջը բացեք, բացեք...
Էդ մարդկանց էնտեղից հանեցիք էն հույսով, որ պետք է բերեք միտինգի մատերիալ սարքեք ձեր տրամաբանությամբ: Տեսաք՝ չեք կարողանում, էսօր էլ ասում եք՝ վերադարձ:
Ժողովո՛ւրդ ջան, կլինի՞, որ դուք ոչ մի բան էլ չնախաձեռնեք առհասարակ»,- հայտարարեց Ալեքսանյանը:


