ԱԺ նիստի ընթացքում ՔՊ-ականները հարվածում են սեղաններին, ընդդիմադիրները՝ ծափահարում
««Քաղաքացիական պայմանագիրը» քննարկում էր Կաթողիկոսի հետ կապված հարցը...»,- ԱԺ-ում իր ելույթն այսպես սկսեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը, սակայն այն ընդհատվեց։
ՔՊ-ականները, լսելով «կաթողիկոս» բառը, սկսեցին հարվածել սեղաններին։ Նշենք, որ երբ որ ՔՊ-ականներն իրենց ելույթներում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին կոչում են «Կտրիճ Ներսիսյան», ընդդիմադիրներն են սկսում հարվածել սեղաններին։
«Հետո... Բռավո... »,- ասաց Վարդանյանն ու շարունակեց ելույթը, սակայն երբ կրկին «կաթողիկոս» բառն ասաց, ՔՊ-ականներն ավելի ուժեղ սկսեցին հարվածել սեղաններին։
«Շատ լավ, եկեք խաղանք այս խաղը»,- ասաց նա ու սկսեց կրկնել «քննարկում էր Կաթողիկոսի հետ կապված հարցը», «քննարկում էր Կաթողիկոսի հետ կապված հարցը»։ Այդ ամբողջ ընթացքում ՔՊ-ականները հարվածում են սեղաններին, ընդդիմադիրներն էլ սկսեցին ծափահարել։
«Ինձ թվում է հերիք է, հարգելի գործընկերներ»,- ասաց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Քրիստինե Վարդանյանը ներողություն խնդրեց «մանկապարտեզի նախապատրաստական կուրսի հերթական...»։
Ռուբինյանը հորդորեց մնալ կոռեկտության սահմաններում. «Այստեղ շատերը երիտասարդ են, բայց ոչ ոք մանկապարտեզից չէ։ Մնացեք կոռեկտության սահմաններում։ Շարունակեք ելույթը»։



