ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ազգերի ինքնորոշման մասին Պուտինի ասածը շատ կարևոր է Արցախի համար. Ռուբեն Վարդանյան

Ազգերի ինքնորոշման մասին Պուտինի ասածը շատ կարևոր է Արցախի համար. Ռուբեն Վարդանյան

Ազգերի ինքնորոշման մասին այն, ինչ ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Վլադիվոստոկի ֆորումում, շատ կարևոր է Արցախի համար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանը:

Ըստ նրա՝ միջազգային իրավունքում ազգերի ինքնորոշման իրավունքն առանցքային նորմ է, որի շուրջ էլ պետք է կառուցվի Արցախի հարցով ողջ հայկական դիվանագիտությունը:

՛՛Ակնհայտ է, որ Արցախի ինքնորոշումը 1991թ․ իրականացվել է միջազգային իրավունքի հիման վրա և միջազգային իրավունքի բոլոր սկզբունքների պահպանմամբ։ Եվ այստեղ որևէ հակասություն չկա տարածքային ամբողջականության սկզբունքի հետ։ Այդ մասին փաստել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան Կոսովոյի գործով 2010թ. խորհրդատվական եզրակացության մեջ։

Արցախի պարագայում ինքնորոշման իրավունքն Արցախի ժողովրդի ապրելու իրավունքն է, քանի որ այլընտրանքը էթնիկ զտումն է, և ադրբեջանական պաշտոնական լրատվամիջոցներով այդ մասին բացահայտ սպառնալիքներ են հնչում: Էլ չասենք՝ ինչեր են գրում ոչ պաշտոնական լրատվամիջոցներն ու ինչ սպառնալիքներ են ուղղվում ինձ:

Ցավոք, Հայաստանի իշխանությունները շարունակում են դիվանագիտական գործընթացում մոռացության մատնել ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքի գերակայությունը և շատ լավ է, որ Նիկոլ Փաշինյանն անձամբ լսեց դրա կարևորության մասին։

Արցախում բնակվող ժողովրդի՝ սեփական որոշմամբ իրենց կյանքը շարունակելու անքակտելի իրավունքը երբեք չի կարող վիճարկվել՛՛,-գրել է Վարդանյանը:

  • Կիսվել: