հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Այստեղ կոռուպցիա չեք տեսնո՞ւմ. պարո՛ն Ավինյանն աչքերն է ֆռռացնում. Պեդրո Զարոկյան

Այստեղ կոռուպցիա չեք տեսնո՞ւմ. պարո՛ն Ավինյանն աչքերն է ֆռռացնում. Պեդրո Զարոկյան

Երբ 2025-ին եկամտահարկի վերադարձի օրենքի գործողությունը դադարեց, մենք Երևանում լուրջ խնդիր ունենք, բազմաթիվ շենքերի շինարարությունն արդեն կանգնել է։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 9–ին, Երեւանի ավագանու նիստում հայտարարեց ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանը։

«Սահակյան շինը», ոչը Ծիծեռնակաբերդի խճուղին պետք է ավարտեր, կանգնել է, տասնյակ շենքեր կան, որ չեն շարունակում կառուցել, որովհետև ժողովուրդը չեն կարողանում տներ գնել։

Այստեղ լուրջ խնդիր է, որովհետև Կենտրոնական բանկը 6.75%-ով վարկեր է տալիս բանկերին, բայց բանկերը մի 10% էլ ավելացնում են վրան, մինիմում 15, 16, 17, մինչև 20, 25%-ով հիփոթեքային վարկեր են տալիս ժողովրդին։ Իսկ այլ, զարգացած երկրներում, կենտրոնական բանկը 4–4.5 տոկոսով է տալիս, բանկերը 0.5–1.5 տոկոս են ավելացնում և ժողովրդին վարկեր են տալիս 20-30 տարով։

Հիմա ես ուզում եմ հարցնել, արդյոք այստեղ դուք կոռուպցիա գործարքներ չեք տեսնում կենտրոնական բանկից և բանկերի մենաշնորհային դիրքերով պայմանավորված։ Այո, պարոն Ավինյան, աչքերն է ֆռռացնում»,–ասաց նա՝ առաջացնելով ներկաների ծիծաղը։

Զարոկյանը շարունակեց. «Այսպես երկիրը չի կարող շարունակի, այս փուչիկը պայթելու է վերջապես ու առաջինը Երևանն է տուժելու։ Ես գիտեմ, որ սա քաղաքապետարանի կողմից լուծվող հարց չի, բայց դուք փոխվարչապետ եք աշխատել, պարոն Ավինյան, այս հարցը պիտի բարձրացնեք որպես քաղաքապետ, տոկոսների հարցը պիտի լուծվի»։

Ի պատասխան Տիգրան Ավինյանն ասաց. «Նախ արձանագրենք, որ մինչև 2022 թվականը ստացած բոլոր շինթույլտվությունների դեպքում, անկախ շինթույլտվության ժամկետից, եկամտային հարկի վերադարձի կարգից նրանք օգտվում են, այսինքն իրենք եկամտահարկի վերադարձի տրամաբանությամբ կարողանում են վաճառել բնակարանները։ Ինձ թվում է՝ «Սահակյանշինը» դրանից առաջ է ստացել շինթույլտվություն և ձեր մատնանշած խնդիրը ուղղակի եկամտային հարկի վերադարձի հետ կապ չունի»։

Զարոկյանն էլ արձագանքեց. «Այսինքն խնդիրը մնում է չլուծված, ուստի տուժելու են ժողովուրդը, այսինքն պատճառ պիտի լինի, որ շատ շենքերի շինարարությունը կասեցրել են, որովհետև գնորդներ չկան։ Խնդիրը դուք պիտի մտածեք, որովհետև Ծիծեռնակաբերդի խճուղին այդպես էլ մնալու է, գոնե լուծում գտեք, այդ խճուղին սարքեք, այդպես քանի՞ տարի պիտի մնա»։

  • Կիսվել: