Այսպես կոչված «Թրամփի երթուղու» իրականացումը լուրջ կասկածներ է առաջացնում. Ջաբարով
Մոսկվան գոհունակություն է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ներկայում ռազմական գործողություններ չկան, սակայն այսպես կոչված «Թրամփի երթուղու» իրականացումը լուրջ կասկածներ է առաջացնում: Այս մասին «Սպուտնիկ ԱՐՄԵՆԻԱ» մուլտիմեդիա հարթակի կազմակերպած Մոսկվա-Մինսկ-Աստանա-Երևան-Տաշքենդ-Թբիլիսի տեսակամրջի ժամանակ հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը։
«Ես չեմ կարծում, թե այդ ծրագիրը հեշտությամբ կիրականացվի։ Շատ հարցեր են առաջանում՝ հատկապես հաշվի առնելով, որ Թրամփի վարչակազմը գտնվում է տարածաշրջանից հազարավոր կիլոմետրեր հեռավորության վրա։
Այստեղ կան խաղացողներ՝ Ռուսաստան, Թուրքիա, Իրան։ Հետևաբար, այդ երթուղին պետք է դառնա խաղաղության և համագործակցության ուղի, որը օգտակար կլինի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի համար»,-նշել է նա:
Ջաբարովի խոսքով՝ ապագա տրանսպորտային զարկերակը պետք է օգուտ բերի բոլոր մասնակիցներին, այլ ոչ թե նախապատվություն տա մեկ կողմին մյուսի նկատմամբ։ Նա ընդգծել է, որ կարևոր է գտնել շահերի հավասարակշռություն, որպեսզի յուրաքանչյուր երկիր օգուտ քաղի։
Ըստ ռուսաստանցի պաշտոնյայի՝ Ռուսաստանը շարունակում է կարևոր դերակատարում ունենալ Հարավային Կովկասի կայունության ապահովման գործում։
«Առանց Ռուսաստանի մասնակցության չի հաջողվի մինչև վերջ լուծել Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր խնդիրները։ Ռուսաստանը եղել է ու կա այն երկիրը, որը շահագրգռված է կայուն Հարավային Կովկասով, ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ բարեկամական հարաբերություններով։ Այդ ճանապարհը պետք է օգտագործվի բոլոր պետությունների զարգացման համար, ոչ թե երրորդ երկրների շահերի»,-նշել է պաշտոնյան։
Նա հավելել է, որ Թրամփն արդեն կատարել է իր դերը և կորցրել է հետաքրքրությունը տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների նկատմամբ. «Կարծում եմ՝ Թրամփը արել է իր գործը, բայց հիմա չի էլ հետաքրքրվում՝ ինչ է կատարվում»:
Ըստ Ջաբարովի՝ առջևում բանակցություններ են, և կարևոր է, որ դրանց ընթացքում հաշվի առնվեն երկու կողմերի շահերը։


