Այսօրվա քննարկվող օրինագիծն այն մասին է, որ խաղաղությունը եկել է, և խաղաղությունն այսօր է. Հակոբ Արշակյան
Մեր այսօրվա քննարկվող օրինագիծն այն մասին է, որ խաղաղությունը եկել է, և խաղաղությունն այսօր է: Եվ դա իր արտացոլումն է գտնում, այդ թվում՝ նաև մեր պաշտպանական գերատեսչության ընդունած քաղաքականության վրա՝ ծառայության ժամկետը կրճատելով և դարձնելով 18 ամիս: Այս մասին այսօրվա նիստում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը:
Նրա խոսքով՝ պետք է մի բանի մասին խոսել. որ բանակը հնարավորությունների տեղ է, մեր հասարակության շրջանում, սակայն, տարբեր ընկալումներ կան բանակի մասին:
Արշակյանը խոսեց դրա դրական կողմերի մասին, անդրադարձավ իր փորձին, ասաց՝ իր լավագույն ընկերները նաև բանակից են:
Դիմելով ծնողներին, որոնք զինակոչիկ տարիքի տղաներ ունեն, ասաց՝ ինքն անձամբ իր ֆիզիկայի և մաթեմատիկայի դասընթացները պարապել է ծառայության ընթացքում և բուհ է ընդունվել ծառայությունից հետո:
«Այդ հնարավորություններն այսօր էլ կան բանակում»,- ընդգծեց Արշակյանը:
Նա դիմեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին՝ խնդրելով, որ բանակի հնարավորությունները բազմապատկվեն հատկապես կրթության ոլորտում, որ բանակը օգտագործվի որպես տրամպլին հետագա կյանքում մեծ հաջողությունների հասնելու համար:
Հիշեցնենք՝ խորհրդարանը քննարկում է Կառավարության ներկայացրած՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:


