հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Այսօրվա հարցը հետևյալն է՝ ով է ի վիճակի և ով է ցանկանում զինել Հայաստանը․ Ազգային առաջընթաց կուսակցություն

Այսօրվա հարցը հետևյալն է՝ ով է ի վիճակի և ով է ցանկանում զինել Հայաստանը․ Ազգային առաջընթաց կուսակցություն

Ցավով պետք է արձանագրենք, որ Հայաստանի իշխանությունների վարած արտաքին քաղաքականության հետևանքով Հայաստանը շարունակում է մնալ ռուս-թուրքական պայմանավորվածությունների զոհ և գերի՝ իրեն զրկելով միջազգային մյուս հնարավորություններից, այդ թվում՝ ռազմական։ Այս մասին հայտարարություն է տարածել Ազգային առաջընթաց կուսակցությունը:

՛՛Միջազգային հարաբարությունների ներկա պայմաններում անհնար է շարունակել մնալ Ռուսաստանի (պատժամիջոցների տակ և ագրեսորի կարգավիճակով, մերժված միջազգային հանրության կողմից) ռազմավարական դաշնակից (թե երկկողմանի և թե ՀԱՊԿ շրջանակում), և միաժամանակ ակնկալել միջազգային հանրության, այդ թվում՝ ԱՄՆ, Ֆրանսիայի և Եվրոպական Միության աջակցությունը Արցախի հարցում, այդ թվում՝ դիվանագիտական և ռազմական աջակցությունը։

Ռուս-թուրքական պայմանավորվածությունները սպասարկելով՝ գործող իշխանությունը հույս ուներ սիրաշահել իր ռազմավարական դաշնակից Ռուսաստանին, և խաղաղության կեղծ օրակարգի միջոցով հաշտվել հարևան Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ Կյանքը ցույց տվեց, որ երկու դեպքում էլ խաղաղասիրական թեզը ջախջախիչ պարտություն կրեց՝ մեր զինվորների արյան գնով։

Վերջին օրերի ռազմական գործողությունները ապացուցում են, որ Հայաստանը երբեք չի կարող հրաժարվել Արցախի երաշխավորը լինելուց, և տարածաշրջանում խաղաղության ապահովումը հնարավոր է միմիայն ռազմական ներուժի հավասարակշռմամբ։ Խաղաղասիրությունը երբեք չի կարող լինել խաղաղության երաշխավոր։

Այսօրվա ամենալուրջ հարցը հետևյալն է՝ ով է ի վիճակի և ով է ցանկանում զինել Հայաստանը։ Ռազմավարական դաշնակից Ռուսաստանն այսօր ունի զենքի և զինվորների մատակարարման խնդիր հենց Ուկրաինայում, և հազիվ թե կարողանա մոտակա ժամանակներս մեզ ապահովել արդիական զենքով, առավել ևս, դրա բացակայության պարագայում (ռուսները վերջին ամսվա ընթացքում զենք են գնել Իրանից և Հյուսիսային Կորեայից)։

Կյանքը նաև ապացուցեց, որ բացի Հայաստանի որևէ այլ երկիր չի լինելու Արցախի անվտանգության երաշխավոր, իսկ այն, որ Արցախը ունի ֆիզիկական անվտանգության երաշխավորի կարիք, դա փաստ է։

Այսպիսով, կոչ ենք անում ՀՀ իշխանություններին հայտարարել, որ Հայաստանը հանդիսանում է Արցախի և արցախահայության երաշխավոր, Արցախի կարգավորման հարցը չառանձնացնել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումից, արագ իրագործել սպառազինությունների գնում և ռազմավարական դաշնակցին հայտնել նրա անգործության շարունակման պարագայում անվտնագության նոր երաշխիքներ փնտրելու և ստանալու Հայաստանի մտադրության մասին։ Հայաստանը պետք է հստակ հայտարարի, որ իր ինքնապաշտպանության համար անհրաժեշտ զենք ձեռք բերելու համար Հայաստանը կանգ չի առնի որևէ բանի առաջ և կհամագործակցի ցանկացած այլ բարեկամական երկրի հետ, այդ թվում՝ ԱՄՆ, Ֆրանսիա, և Կանադա։

Վարչապետի պաշտոնը չի կարող ավելի թանկ լինել, քան հայ զինվորի կյանքը։ Իշխանությունը պահպանելու ձգտումը չի կարող բավարարվել մոսկովյան հրահանգները կատարելու միջոցով՝ հայ զինվորի արյան հաշվին։ Եթե գործող իշխանությունն ունի այս կամ այն կարգի կախվածություն Մոսկվայից, և չի կարող ազատ իրագործել Հայաստանի շահերից բխող ռազմավարական քայլեր, ապա նա պետք է ունենա խիզախություն ընդունելու դա և հեռանալու՛՛,-ասած է հայտարարության մեջ։

  • Կիսվել: