Այս տեսարանների ցուցադրությունն իրականում գյումրեցիների վրա մարդ բերել էր, գյումրեցիներին վախեցնելու գործիքակազմ ունի իր մեջ. Մխիթարյան
Գյումրիում այսօր բերման ենթարկվածների մեծամասնությունը բերման է ենթարկվել այն ժամանակ, երբ գործողությունը որպես այդպիսին արդեն ավարտվել էր, ըստ այդմ՝ այս ամենը ոչ այլ ինչ է, քան վախի տարածում, փորձել մարդկանց էմոցիոնալ կոտրել, վախեցնել, ցույց տալ ոստիկանական բռի ուժ, ոստիկանապետության ներկայությունն իրենց կյանքում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրիի ավագանու անդամ Ռուբեն Մխիթարյանը։
Նա, մասնավորապես, նշեց. «Մենք տեսնում ենք, որ իշխանությունը ինչ առաջադրանք իր դիմաց դնում է, նա ամեն դեպքում կարողանում է կատարել, և այն գործիքակազմը, որից օգտվում է ընդդիմությունը, 7 տարի իրեն չի արդարացնում։
Եթե հակակոռուպցիոնի խնդիր կար, ես չեմ կարծում, որ քաղաքապետին եթե ծանուցեին, ինքը ինքնուրույն չէր ներկայանա։ Այս տեսարանների ցուցադրությունն իրականում գյումրեցիների վրա մարդ բերել էր, գյումրեցիներին վախեցնելու գործիքակազմ ունի իր մեջ։ Այստեղ ոստիկանության Կումայրիի բաժին բերման են ենթարկել 17–18 տարեկան տղաների։ Սա մարդկանց մոտ վախ տարածելու փորձ է, բայց վստահ եմ, որ գյումրեցիներին այդ ամեն ինչով վախեցնել հնարավոր չի։
Սա նպատակ ուներ հերթական անգամ սեփական թիմին ցույց տալ, որ տեսեք ես ուժեղ եմ, ես պետք լինի ամբողջ ոստիկանական ուժերը կտեղափոխեմ Գյումրի, պետք լինի ծեծելով էլ, ջարդելով էլ, ապակիները կոտրելով էլ, մարդկանց ահաբեկելով, կանանց քաշքշելով իմ ուզածը կանեմ։
Օրինակ՝ «Մեր ձեւով» շարժումից Մխիթարյան Ռուբենին բերել են մենակ մի բանի համար, որ հրապարակում մարդ են սկսել ծեծել, մոտեցել է, ասել է՝ ինչի եք ծեծում»,–ասաց նա։
Հարցին՝ արդյոք սա մեսի՞ջ չէ Էջմիածնում սպասվող ընտրությունների հետ կապված, որ ցանկացած ընդդիմադիր պայքար, որը օրինակ կտարվի Արգիշտի Մեխակյանի նկատմամբ, քրեական հետապնդումների կենթարկվի, նա պատասխանեց. «Ցանկացած բան արվում է սեփական թեկնածուին ֆորա տալու համար, սեփական վախերը քողարկելու համար, որովհետև իրենք էլ տարատեսակ հարցումներ են ստանում, տարատեսակ խոսույթներ են լսում սովորական հասարակ ժողովրդի կողմից և իրենց օգոստոսի 8-ի այդ թղթի կտորին փաստ է, որ բնակչության մեծամասնությունը չի հավատում ու լուրջ չի ընդունում իրենց ստորագրած ոչ մի բան»,–ասաց Մխիթարյանը։
Անդրադառնալով 2026–ի ընտրություններին, նա նկատեց. «Ամեն ինչ կարող է և ընտրությունների չհասնել, կարող է ներքին այնպիսի պայթյուն տեղի ունենալ, որից, ի դեպ, ամենաշատն է սարսափում այս իշխանությունը, որովհետև ընտրությունները իրենց համար ամենացանկալի կոնֆիգուրացիան է, որովհետև ընտրություններում իրենք իրենց ունեցած բոլոր վարչական լծակներն ու գործիքակազմերը լիուլի օգտագործելու են։ Իսկ ոչ իրենց ազդեցության գոտում գտնվող ներքին պայթյունը իր հետ կարող է բերել ցանկացած անկանխատեսելի հետևանք»։
Մխիթարյանը նաև հավելեց. «Ավագանու ընտրությամբ Սարիկ Մինասյանը լինի, թե ավագանու ՔՊ 14 հոգանոց խմբակցությունից որեւէ մեկը, չի կարող դառնալ քաղաքապետ։
Սարիկ Մինասյանը Գյումրիում ՔՊ–ի ցուցակի առաջին համարն է, ենթադրվում է, որ եթե իշխանությունը նման գործիքակազմով մտել է Գյումրիի քաղաքապետարան, ապա վերջին կետում ինքը տեսնում է, որ պիտի ինչ-որ մի մոդիֆիկացիայով փորձելու է հասնել իր ուզածին։ Այսինքն, իրենք փորձելու են ստեղծել մի իրավիճակ, որ օրինակ, փորձեն չեզոքացնել ավագանու երեք ընդդիմադիր անդամների, որպեսզի քվորում չլինի ավագանու նիստ անցկացնելու համար, և այդ դեպքում, ավանդույթի համաձայն, Փաշինյանը ժամանակավոր պաշտոնակատար նշանակի մինչև հունիս ամիսը և այդ ԺՊ-ն փորձի վերականգնել այն ամբողջ վարչական ռեսուրսը, որը ըստ Նիկոլ Փաշինյանի, ինքը արդեն կորցրել է»:
Անդրադառնալով նրան, որ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը շտապել է «կոռուպցիոներ սրիկա» անվանել Վարդան Ղուկասյանին, Ռուբեն Մխիթարյանն ասաց. «ՔՊ կուսակցության բոլոր ներկայացուցիչները իրենց մետաիրականությունում են ապրում, որտեղ գործում է ֆեյսբուքյան արդարադատությունը։ Վարդան Ղուկասյանին դեռ Երևան էլ չեն հասցրել ճանապարհին է, իրենք արդեն վճիռներ են կարդում, դատապարտում են, ասում են՝ ով Վարդան Ղուկասյանին պաշտպանի կամ չպաշտպանի...։ Վարդան Ղուկասյանին ի դեպ ոչ մեկը չի պաշտպանում։ Մարդիկ պաշտպանում են ավագանու ինստիտուտը։ Մարդիկ դուրս են եկել, ասում են՝ եթե մենք ընտրել ենք այս ավագանին, այս ավագանին էլ ընտրել է այս քաղաքապետը, մենք պաշտպանում ենք այդ ինստիտուտը։
Կարծեմ, մինչև 10 թե 10-ից ավելի քրեական գործով անցնում է պարոն Ղուկասյանը, այս յոթ տարվա ընթացքում իրենք հնարավորություն ունեին ամեն ինչ անելու, ինչի հենց այս պահին են անում, երբ որ ընտրություններին մնացել է շատ քիչ ժամանակ, երբ որ Գյումրին ընդդիմադիր քաղաքապետ ունի։ Ամեն ինչ արվում է մի բանի համար, որպեսզի ցույց տան, որ իրենք ոչ մի բանի առջև չեն կանգնելու վերարտադրվելու համար»։
Նա համոզմունք հայտնեց, որ եթե հիմա Գյումրիում արտահերթ ընտրություններ լինեն, ՔՊ–ն նորից չի ընտրվի: «Բայց Նիկոլ Փաշինյանի չորրորդ հանրապետությունում ոչ մի բան բացառել պետք չէ։ Կարծում եմ, որ Գյումրիի ընդդիմադիր ֆրակցիաները այսօրվանից սկսած կոնսուլտացիաների մեջ պիտի լինեն, կապը պիտի պահեն Վարդան Ղուկասյանի ֆրակցիայի հետ, որպեսզի հասկանանք մեր հետագա գործողությունների քայլերը։ Ավագանու հաջորդ նիստը նոյեմբերին է, այնպես որ դեռ ժամանակ կա վերադասավորվելու։ Եթե իրենք կարողանան, չգիտեմ, բռնաճնշումներով, քրեական գործեր հարուցելով փորձեն չեզոքացնեն երկու կամ երեք ավագանու ներկայացուցիչների, այդտեղ արդեն խնդիր կունենանք»,-ասաց Մխիթարյանը:


