ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Այս փուլում ԼՂ հարցը դիվանագիտական լուծում չունի Ադրբեջանի գործելաոճի հետեւանքով. Մանե Գևորգյան

Այս փուլում ԼՂ հարցը դիվանագիտական լուծում չունի Ադրբեջանի գործելաոճի հետեւանքով. Մանե Գևորգյան

Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը խեղաթյուրելու՝ ադրբեջանական կողմի փորձերին: «Արմենպրես»-ին տված մեկնաբանությունում Մանե Գևորգյանն ընդգծում է, որ ադրբեջանական կողմը իր վարքագծին հարիր շարունակում է մանիպուլյացիոն գործելաոճը՝ խեղաթյուրելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը։

«Եվս մեկ անգամ ընդգծում ենք, որ այս փուլում Լեռնային Ղարաբաղի հարցը դիվանագիտական լուծում չունի հենց Ադրբեջանի ապակառուցողական գործելաոճի հետեւանքով։ Նիկոլ Փաշինյանը բազմիցս, այդ թվում վերջին օրերին ընդգծել է, որ հայկական կողմը պատրաստ է փոխզիջման հիման վրա բանակցային գործընթացին, բայց պրակտիկան ցույց է տվել, որ այս տրամաբանությունն անընդունելի է Ադրբեջանի համար։ Հիշեցնեմ նաեւ վարչապետի հայտնի թեզը, ըստ որի՝ ԼՂ հակամարտության լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովի համար, Արցախի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար։ Նմանատիպ որեւէ հայտարարություն, այդ թվում փոխզիջման վերաբերյալ, Ալիեւի կողմից չի հնչել»,- նշեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակը։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել էր, որ այս փուլում Լեռնային Ղարաբաղի հարցը դիվանագիտական լուծում չունի, քանի որ Ադրբեջանը ցանկանում է հարցը լուծել միայն ռազմական ճանապարհով և նրանց համար ընդունելի միակ տարբերակը Արցախի կապիտուլացիան է:

«Պետք է մենք հստակ գիտակցենք, որ ԼՂ հարցը, գոնե այս փուլում և այս փուլից սկսած մինչև բավական երկար ժամանակ դիվանագիտական լուծում չունի և բոլոր այն հույսերը, առաջարկները, թե պետք է դիվանագիտական լուծում գտնել, առավել ևս այս իրավիճակում, պետք է համարենք ավարտված: Մենք բազմիցս ենք ասել, որ հարցը փոխզիջումների տարբերակով լուծելու պատրաստակամություն ունենք: Դա նշանակում է, որ մեր դրած նշաձողից կարող ենք ինչ-որ բան նվազեցնել հանուն լուծման՝ պայմանով, որ դիմացի կողմն էլ պետք է իր նշաձողից ինչ-որ բան իջեցնի: Բայց պրակտիկան ցույց է տվել, որ այս տրամաբանությունն այլևս անընդունելի է Ադրբեջանի համար»,- ասել էր Փաշինյանը:

  • Կիսվել: