չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
Այս մարդը, որ ժամանակին խոպանչի էր, արգելել է մարդկանց մասնակցել հանրահավաքին. Դանիելյանը՝ Գեղարքունիքի մարզպետի մասին

Այս մարդը, որ ժամանակին խոպանչի էր, արգելել է մարդկանց մասնակցել հանրահավաքին. Դանիելյանը՝ Գեղարքունիքի մարզպետի մասին

Այս իշխանությունները այնքան ապիկար, ապաշնորհ են, որ որեւէ կերպ չեն կարող պաշտպանել ո΄չ տավուշցու անվտանգությունը, ո΄չ Գեղարքունիքի մարզի անվտանգությունը: Այս մասին այսօր Սոթքում Տավուշը հանուն հայրենիքի շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

«Երբ մենք Տավուշում նախաձեռնում էինք այս շարժումը, Սրբազան հոր հետ միշտ խոսում էինք, որ այս շարժումը նաեւ Գեղարքունիքի համար է: Այն արհավիրքը, այ խնդիրները, որոնք որ կան Տավուշի մարզում ձեզ քաջածանոթ են, որովհետեւ այս իշխանությունների վարած հակահայ քաղաքականության արդյունքում Գեղարքունիքի մարզը դարձել է սահմանապահ, սահմանամերձ մարզ: Այս իշխանությունները այնքան ապիկար, ապաշնորհ են, որ որեւէ կերպ չեն կարող պաշտպանել ո΄չ տավուշցու անվտանգությունը, ո΄չ Գեղարքունիքի մարզի անվտանգությունը:

Իրենք մի բան գիտեն` մեզնից ինչ-որ ուզի թշնամին, մենք պետք է հնազանդ կատարեն այդ պահանջները, եւ որեւէ մի սահման չկա, որով որ պետք է ավարատվեն Ադրբեջանի պահանջները, եւ որեւէ կարմիր գիծ չկա, որ իշխանությունները ասելու են, որ սրանից այն կողմ որեւէ զիջում չի լինելու: Այս իշխանությունները ասել են, որ որեւէ տարածք չեն զիջելու, բայց անցել են օրեր եւ պարզվել է, որ օրով, ժամով պլանավորված է եղել տարածքների հանձնումը:

Իշխանական համակարգը վախերի մեջ ապրող, ամեն օր բունկերներից դուրս չեկող, ու իբր ուզում են ապացուցեն, որ ամեն ինչ նորմալ է, մի հատ գնացեին Տավուշում շոու արեցին, էսօր էլ մի քանի կադր արեցին, թե իբր մարդամեկը հեծանիվով գնում է գործի: Այս կադրերը փորձել են նաեւ ստանալ Տավուշի մարզում, երբ դահլիճներում մի քանի մարդ էին հավաքում, թե իբր մարդիկ ինչքան ուրախ են, որ սահմանագծման եւ սահմանազատման գործընթաց է գնում եւ ինչքան ուրախ են,որ իրենց գյուղերը կիսվում են»,- ասաց նա:

Դիմելով Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին` Գառնիկ Դանիելյանը հայտարարեց, որ նա արգելել է մանկավարժներին մասնակցել այս հանրահավաքին. «Այս մարդը, որ ժամանակին խոպանչի էր, արգելել է մարդկանց մասնակցել հանրահավաքին: Իշխանության փոփոխումից հետո դու վերադառնալու ես քո գործին եւ մնացած բոլորը իրենց գործերին: Գալու է պատասխան տալու ժամանակը, եւ այդ ժամանակը հեռու չէ»,-ասաց նա:

Դանիելյանը ասաց, որ պայքարը նոր ուժ, նոր էնէրգետիկա է ստանում եւ հավելեց, որ ակնկալում է հունիսի 9-ին այս մարդկանց տեսնել նաեւ Հանրապետության հրապարակում:

 

  • Կիսվել: