«Այս իշխանությունները 0 հանդուրժողականություն ունեն այլակարծության հանդեպ». Սարգսյանը` Գյումրիում տեղի ունեցածի մասին
«Այս իշխանությունները ցանկացած գնով լռեցնում են այլ քաղաքական դիրքորոշում հայտնող մարդկանց, ընդհուպ մինչև մեկուսացնելը, ինչպես Վարդան Ղուկասյանի դեպքում է»։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 22-ին, Հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Այս իշխանությունները 0 հանդուրժողականություն ունեն այլակարծության հանդեպ»,–հավելեց նա։
Պատասխանելով լրագրողների հարցերին այն մասին, որ թեև Ալիևը հայտարարել է հայկական տարանցիկ բեռների վրայից սահմանափակումները հանելու մասին, սակայն ինչպե՞ս է հաստատվելու Ադրբեջանի հետ խաղաղությունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք ունենք օկուպացված Արցախ, բռնի տեղահանված քաղաքացիներ և Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերին, Սերժ Սարգսյանը պատասխանեց.
«Եթե խաղաղությունը մշտական լինի, ես խաղաղության մեջ միայն լավն եմ տեսնում։ Իսկ վտանգաներ բոլոր տեղերում կան։ Կախված նրանից, թե ով է որոշում կայացնողը, վտանգները կա՛մ իրականություն են դառնում, կամ շրջանցում են»,–ասաց նա։


