ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Այս հարցում ունենք համազգային կոնսենսուս. Փաշինյանը՝ ՌԴ-ի՝ Ադրբեջանին զենք մատակարարելու մասին

Այս հարցում ունենք համազգային կոնսենսուս. Փաշինյանը՝ ՌԴ-ի՝ Ադրբեջանին զենք մատակարարելու մասին

Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը  բարձրացրեց Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք մատակարարելու հարցը:

«Հարցն այն համատեքստում եմ բարձրացնում, որ ՀԱՊԿ անդամ երկիրը զենք է մատակարարում ոչ անդամ երկրին, որը կոնֆլիկտ ունի մեկ այլ անդամ երկրի հետ։ Նոյեմբերի 4-5-ին Երևանում տեղի է ունենալու ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովը։ Մեկ-երկու անգամ ես նաև այս դահլիճում հարց եմ բարձրացրել, որ միգուցե ինչ-որ ձևաչափով մենք առաջարկենք, որ սահմանափակում լինի ստրատեգիական հարձակվողական զենքի մասով»,-ասաց Մելքումյանը: Նա հավելեց, որ գործադիրն ու օրենսդիրը պետք է կարողանան համակարգված քայլերով գործել այդ ուղղությամբ:

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ վարչապետ ընտրվելուց անմիջապես հետո ՀԱՊԿ-ում ինքը բարձրացրել է այդ հարցը. «Մենք կարող ենք ասել, որ այս հարցում ունենք համազգային կոնսենսուս, որովհետև մեր շեշտադրումները չեն տարբերվում։ Կոորդինացիան արվում է, եթե անհրաժեշտություն լինի, ավելի ակտիվ կարվի։ Բայց նույնիսկ առանց կոորդինացիայի, մեր դիրքորոշումներն այս հարցում նույնն են»:

Վարչապետն անդրադարձավ նաև Ադրբեջանի հռետորաբանությանը, որը, ըստ նրա, արդեն 13 տարի է՝ նույնն է: Սա, ըստ նրա, հիմնական խնդիրն է, և «մենք անընդհատ Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում գալ կառուցողական դաշտ»:  

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: