Այս դահլիճում դեռ կան մարդիկ, ում քաղաքական կարիերան հենված է մի իրողության վրա, որը անվանում են «ղազագիր»․ Փաշինյան
Այս դահլիճում դեռ կան մարդիկ, ովքեր 3-րդ երկրների 4-րդ կարգի պաշտոնյաների հետ վերաբերվում են որպես ղեկավարի։ Այս մասին Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ուզում եմ ցավով արձանգրել, որ այս դահլիճում դեռ կան մարդիկ, ովքեր 3-րդ երկրների 4-րդ կարգի պաշտոնյաների հետ վերաբերվում են որպես ղեկավարի, իսկ ժողովրդի վստահության քվեով ձևավորված կառավարության կամ նրա առանձին անդամի մասին կարող են խոսել հեգնանքով:
Ընդ որում, խոսքը նաև այնպիսի մարդկանց մասին է, ում քաղաքական կարիերան հենված է մի իրողության վրա, որը անվանում են «ղազագիր»: Հիմա պարզվում է, որ այդ մարդիկ սովոր են հարգալից վերաբերվել միայն այն պարագայում, երբ հարգալից չլինելը կարող է ֆիզիկական սպառնալիք առաջացնել իրենց համար: Սա անընդունելի է, և համոզված եմ, որ հայ ժողովուրդը բոլոր այս՝ ղազագրի վրա հիմնված քաղաքական գործունեություն ծավալած ուժերի վզներից բռնելու է և էս դահլիճից դուրս է շպրտելու»,-ասաց նա:
Շրջակա միջավայրի նախարար չունենալու մասով էլ վարչապետը պատասխանեց․
«ՀՀ կառավարությունն է պատասխանատու ձեր ասած հարցերի համար: Մեր բախտը չբերեց, մեր ժամանակ կանաչեց Սևանը: Բայց հույս ունեմ՝ մեր բախտը կբերի և այլևս չի կանաչի: Շրջակա միջավայրի նախկին նախարար Էրիկ Գրիգորյանին ես այս ամբիոնից շնորհակալություն եմ հայտնել, կարող եմ ասել, որ նախարարությունը գործում է բնականոն, կա նախարարի պարտականությունները կատարող: Առաջիկայում կնշանակվի նախարար: Եթե իմանայի, որ այդ փրփուրներն առաջացել են նախարարին ազատելուց և նրա նշանակելուց հետո անմիջապես կվերանան, էսօր իրիկունը կնշանակեի»,- նշեց Փաշինյանը:


