հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Այո՛, դա քարոզարշավ անելու տեղ չէր. Տիգրան Ավինյանը` «Սուրմալու» այցելելու մասին

Այո՛, դա քարոզարշավ անելու տեղ չէր. Տիգրան Ավինյանը` «Սուրմալու» այցելելու մասին

Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մեկնաբանեց «Սուրմալու» առևտրի կենտրոն այցելելուց հետո իր հասցեին հնչող քննադատությունները։

«Այո՛, դա քարոզարշավ անելու տեղ չէր։ Եվ բացարձակապես նման ցանկություն և միտում չկար այդ ամենի մեջ»,– ասաց Ավինյանը` հարցի քաղաքականացման մեջ մեղադրելով որոշ լրատվամիջոցների։

Տիգրան Ավինյանն այսօր խորհրդարան էր եկել` մասնակցելու ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում կազմակերպված քննարկմանը հրավառություններն արգելող նախագծի շուրջ։

Անդրադառնալով քննարկված հարցին` Ավինյանը նշեց, որ հարցը վերաբերում է ձևավորված կենցաղային սովորույթները փոխելուն։

«Հարցը մշակութաբանական է,– ասաց նա,– մենք պետք է որոշենք` մեզ համար ընդունելի՞ է, որ կնունքներին, հարսանիքներին, ծնունդներին մարդիկ կազմակերպում են հրավառություն` ի հաշիվ այն բնակչության, որ ապրում է այդ շրջակայքում, որովհետև այդ մարդիկ ո՛չ այդ կնունքի մասնակիցն են, ո՛չ հարսանիքի, ո՛չ ծնունդի։ Իրենց տանը հանգիստ քնած են, մեկ էլ` գը՛մփ։ Հիմա պետք է հասկանանք` մենք ուզո՞ւմ ենք, որ այդ տեսակ բիզնեսը լինի»։

Ավինյանը միաժամանակ նաև պարզաբանեց, որ օրենքի ընդունմամբ այդ բիզնեսը ոչ թե վերանալու է, այլ կանոնակարգվելու ու վերահսկվելու, հրառվառություննրն էլ թույլատրվելու են միայն կոնկրետ միջոցառումների ժամանակ։

«Այդտեղ շատ կոնկրետ դետալներ կան, որ պետք է քննարկել, մասնավորապես` հրավառության որ տեսակներն են թույլատրելի, որոնք` չէ։ Որովհետև կան տեսակներ, որոնք իրոք անձայն են, ավտանգ են»,– ասաց նա։

  • Կիսվել: