Այն, որ փաստաթուղթը նախաստորագրվել է, բայց չի ստորագրվել, չի նվազեցնում դրա կարևորությունը. Միրզոյանը՝ ՀՀ-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի մասին
Միջազգային հանրության համար առաջնահերթությունը ոչ թե խաղաղության համաձայնագրի ստորագրումն է, այլ կայուն խաղաղության իրական ձեռքբերումը: Այս մասին այսօր մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2026 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, ասաց արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Նա նշեց, որ նման եզրակացության է հանգել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում համապատասխան փաստաթղթերի ստորագրումից հետո իր արտասահմանյան գործընկերների հետ քննարկումների արդյունքում։
Միրզոյանի խոսքով՝ խաղաղության համաձայնագրի կնքման համար ադրբեջանական կողմի սահմանած պայմանը Հայաստանի համար անընդունելի է մնում։
«Ես չեմ ուզում և չեմ կարող հերքել այս նրբերանգը, որը բոլորին հայտնի է։ Առաջարկվող տեսքով այն մեզ համար անընդունելի է։ Ընդ որում՝ ինչպես խաղաղության ինստիտուցիոնալացման, այնպես էլ բարիդրացիական հարաբերությունների համատեքստում։ Մենք ունենք մեր սեփական մոտեցումները, որոնք հիմա չէի ցանկանա մանրամասնել։ Սակայն այն փաստը, որ փաստաթուղթը նախաստորագրվել է, բայց չի ստորագրվել, չի նվազեցնում դրա կարևորությունը»,-նշեց նախարարը:


