Այն, ինչ չարեցին նախկինները, պատրաստում է անել Երևանի քաղաքապետարանը. Չախոյան
Գոյություն ունեցող խաղահրապարակը պատրաստվում են քանդել և այդտեղ կառուցել շենքեր։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 9–ին, Երեւանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նշեց ակտիվիստ Արթուր Չախոյանը։
Նշենք, որ Երևանի ավագանու այսօրվա նիստի օրակարգում է Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտա հ. 45/6 հասցեում բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տալու որոշման նախագիծը։
Սակայն այդ տարածքի բնակիչները պայքարում ենք, որպեսզի բակի միակ խաղահրապարակի փոխարեն 18-հարկանի շենքեր չկառուցվեն։
«Պարոն Ավինյան, դուք խաբում էիք, երբ ասում էիք, որ ավելի շատ խաղահրապարակներ ու կանաչ գոտիներ պետք է կառուցեք։ Մենք պահանջում ենք, որ դուք չեղարկեք խաղահրապարակում բարձրահարկ շենքի կառուցումը»,–ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
Արթուր Խաչոյանն էլ հավելեց, որ դա այդ տարածքի միակ խաղահրապարակն է, որտեղ կան մեծ, կենսունակ ծառեր. «Նախորդ մի քանի ավագանու նիստերով ավագանին դեմ է եղել և չի տրամադրել այստեղ շենք կառուցելու շինթույլտվություն։ Բայց հիմա փորձում են տրամադրել այդ շինթույլտվությունը։ Ըստ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի՝ խաղահրապարակի տարածքը համարվում է օտարման ոչ ենթակա հող, և դրա վաճառքն օրենքով արգելվում է։
Այն, ինչ չարեցին նախկինները, պատրաստում է անել Երևանի քաղաքապետարանը»,–ասաց նա՝ հավելելով, որ քարոզարշավի ժամանակ Տիգրան Ավինյանը խոստացել է, որ այդտեղ բարեկարգվելու է խաղահրապարակը։
Մեկ այլ բնակիչ էլ նշեց, որ երեք անգամ մերժվել է այդտեղ շենք կառուցելու թույլտվություն տալու հարցը, ինչը իրենց հանգստացրել է, բայց հիմա փաստի առաջ են կանգնել։
«30 տարի է այս պատմությունը եղել է, բայց 30 տարի չի կառուցվել։ Ժողովուրդը կարողացավ իր պայքարով հասնել նրան, հիմնավորել, որ չի կարելի։ Հիմա եկել է ժողովրդավարական իշխանությունը, որի ժամանակ մեծ վտանգ է սպառնում, որ կարող է կառուցվել։ Մենք ուզում ենք դաստիարակել ապագա զինվորներ, երեխաները պետք է սկսեն իրենց հետ մրցել հենց շենքների բակերում»,- ասաց ակիցիայի մասնակիցներից մեկը։
Հիշեցնենք, որ նախօրեին բլոգեր Արթուր Չախոյանը գրել էր, որ ինքն ու բակի բնակիչները պայքարում են, որ որ բակի միակ խաղահրապարակի փոխարեն 18-հարկանի շենքեր չկառուցվեն։
Նա ընդգծել է, որ այդ հարցով 4 հանրային քննարկում է եղել, որոնցից երեքի դեպքում վարչական շրջանը տվել է բացասական եզրակացություն, և ավագանին նույնպես մերժել է շինթույլտվություն տրամադրել։
«Սակայն սեպտեմբերի 9-ին Երևանի ավագանու չզեկուցվող օրակարգով նախատեսվում է խաղահրապարակի հաշվին տրամադրել շինթույլտվություն 18-հարկանի շենքերի կառուցման համար։
Քաղաքային իշխանության նման որոշումը բացահայտ ոտնահարում է մեր սահմանադրական իրավունքները։ Քանի որ ըստ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի՝ խաղահրապարակի տարածքը համարվում է օտարման ոչ ենթակա հող, և դրա վաճառքն օրենքով արգելվում է։ Այնուամենայնիվ մեր բակի միակ խաղահրապարակի տարածքը ապօրինի վաճառվել է, և այժմ ցանկանում են այնտեղ կառուցել 18-հարկանի շենքեր։
Մեր սահմանադրական իրավունքները ոտնահարված են, և մենք չենք պատրաստվում լռել ու համակերպվել անարդարության հետ։ Այդ պատճառով՝ բակի երեխաների միակ խաղահրապարակի ոչնչացումը թույլ չտալու համար մենք՝ բակի բնակիչներս և խաղահրապարակի համար մեկ փոքրիկ շահառուները, սեպտեմբերի 9-ին՝ ավագանու նիստի օրը, իրականացնելու ենք ակցիա։ Մեր նպատակն է, որ ավագանիները հասկանան խնդրի կարևորությունը և համայնքի շահից ելնելով կայացնեն ճիշտ որոշում»,– նշել էր նա։


