չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Երկիր կկորցնեք. Ռուսաստանի Պետդումայի նախագահը քողարկված սպառնացել է ՀՀ-ին

Երկիր կկորցնեք. Ռուսաստանի Պետդումայի նախագահը քողարկված սպառնացել է ՀՀ-ին

ՌԴ պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հանդիպելով Ադրբեջանի Միլլը մեջլիսի նախագահ Ս. Գաֆարովայի հետ՝ խոսել է ռուս-ադրբեջանական դարավոր բարեկամության և տարածաշրջանային հարաբերությունների մասին։

Նա նշել է, որ պետք է ամեն ինչ անել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ։

«Եվ նրանք, ովքեր հայտարարություններ են անում եվրոպական կառույցների ուղղությամբ, կարող են պարզապես կորցնել երկիրը։ Ուստի ցանկանալով ներգրավել Եվրախորհրդարանին և ԵԽԽՎ-ին, նրանք պետք է տասն անգամ մտածեն և կշռադատեն, թե ինչպես կարող է դա ավարտվել՝ օգտագործելով Ուկրաինայի, Հարավսլավիայի և այլ երկրների օրինակը։

Ցանկացած ոք, ով ցանկանում է խաղաղություն, ով ցանկանում է կարգավորել իրավիճակը, ոչ միայն պետք է հեռու մնա այս քվազի խորհրդարաններից՝ ԵԽԽՎ-ից և Եվրախորհրդարանից, այլ հստակ գիտակցի, որ նրանց ներգրավումը կսրի իրավիճակը, ավելի ու ավելի շատ խնդիրներ կստեղծի։ Իսկ եթե դա անում են, ուրեմն պետք է պատասխանատվություն կրեն հետեւանքների համար»,- ընդգծել է Վյաչեսլավ Վոլոդինը։

Նշենք, որ Արցախի և Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ Երևանը դիմել էր Եվրամիությանը Ադրբեջանի հետ սահմանին դիտորդներ ուղարկելու համար։ Սա սուր քննադատության էր արժանացել ՌԴ ԱԳՆ-ի կողմից։

Նշենք, որ Եվրախորհրդարանն ու ԵԽԽՎ-ն էլ իրենց հերթին կոշտ քննադատության են ենթարկել Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը ՀՀ-ի և Արցախի նկատմամբ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: