երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Այլևս երեխաների «մատը ծակելու» կարիք չի լինի. Նիկոլ Փաշինյան

Այլևս երեխաների «մատը ծակելու» կարիք չի լինի. Նիկոլ Փաշինյան

Մենք մեր բառապաշարը պետք է փոխենք, որովհետև ամբողջ համակարգն է փոխված։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 23–ին, կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հաշմանդամության խնդրին։

«Մենք հիմա խոսում ենք անձի ֆունկցիոնալության գնահատման մասին։ Համակարգը նրա մասին չէ, թե մարդու առողջական վիճակը ինչպիսին է, որովհետև հիմա 21-րդ դարում մանավանդ 40-ից վերև, կատարյալ առողջ մարդ շատ դժվար է գտնել։ Խոսքը նրա մասին է, թե մարդը ինչ ֆունկցիաներ են, որ չի կարող կատարել։ Եթե մարդը ենթադրենք, 2-3 տարի առաջ քաղցկեղից բուժվել է, պետք է գնահատել նրա ֆունկցիոնալությունը։ Ֆունկցիոնալությունը այն է, որ մարդը կարող է լիարժեք կենսագործունեության համար անհրաժեշտ գործողությունները կատարել, կամ կամ ինչ սահմանափակումով կարող է այն կատարել։ Սա է գնահատվում, ոչ թե գնահատվում է, թե մարդու առողջական վիճակը ոնց է։

Մենք հիմա անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգով ենք գնալու, որը աշխարհի առաջատար փորձն է։ Մենք ոչ թե նոր բան ենք հորինել, այլ պարզապես մեր պրակտիկաները համապատասխանեցրել ենք աշխարհի լավագույն առաջադեմ փորձին։ Մեր ուղերձը մարդուն այն է, որ մենք աջակցենք ձեզ ամեն ինչով, որպեսզի ձեր ֆունկցիոնալությունը լինի այնպիսին, որ դուք ինքներդ ձեր աշխատանքով, ձեր կրթությամբ, ձեր կարիքները կարողանաք հոգաք»,–ասաց նա։

Անդրադառնալով երեխաների համար շաքարային դիաբետի կառավարման լիարժեք խնայող և ճշգրիտ տվյալներ ապահովող համակարգի ներդրմանը, Փաշինյանն ասաց, որ այլևս երեխաների «մատը ծակելու» կարիք չի լինի. «Այս որոշմամբ պետական բյուջեից այդ սարքերը գնում ենք, տրամադրում ենք, որը փակցվում է երեխայի թևին, այն միացվում է սմարթֆոնին և ծնողները օրվա ցանկացած ժամի կարող են հետևել, որը դինամիկան ցույց կտա։ Դրանով ըստ էության մենք այս խնդիրը կփակենք»,–ասաց նա։

  • Կիսվել: