Ասում են՝ ով քաղաքական գնահատական է տալիս, պոլին են պառկացնում։ Բա դուք ինչի՞ պոլին պառկած չեք. Ալեն Սիմոնյան
Ձեր լեզվամտածելակերպը ձեզ մատնում է. Դուք մարդուն և եկեղեցին նույնացնում եք, ասում եք՝ ինչի՞ եք գնում Մայր տաճարի բացմանը մասնակցում, եթե Կտրիճ Ներսիսյանի հետ խնդիր ունեք, ինչի՞ եք գալիս Ազգային ժողով, եթե իմ հետ խնդիր ունեք։ Այս մասին, յսօր՝ հոկտեմբերի 24–ին, ԱԺ–ում իր ելույթում հայտարարեց ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը։
«Այսինքն դուք ինստիտուտը և մարդուն նույնացնում եք, դա ի՞նչ ասեմ։ Կամ ես էլ երկրորդ մարդն է, որ Ռուսաստանի հանրապետություններից մեկի ղեկավարի (նկատի ունի Կադիրովին–խմբ) մասին ինչ-որ բաներ է արտահայտում, ուզում եմ հասկանամ, ձեր գործընկեր Արթուր Վանեցյանը՝ «ՊՈՒ» խմբակցության նախկին ղեկավարը, մոտ հարաբերություններ ունի նրա հետ, դուք Ռուսաստանի պետականության հետ կարծես թե որևիցե խնդիր չունեք։ Դուք ի՞նչ եք, դուք քաղաքական գործիչ եք, դուք բլոգեր չեք, դուք կարգալույց արված ինչ-որ մարդու մասին խոսքեր եք արտաբերում, օրինակ եք բերում, բայց դուք Ազգային ժողովի պատգամավոր եք, դուք ձեզ թույլ եք տալիս վատ երանգով խոսել երկրի ղեկավարի մասին։ Ինչի՞ եք խոսում երկրի ղեկավարի մասին վատ երանգով, ինչ-որ վատ բան կա՞ Կադիրովի հետ կապված։ Եթե ինչ-որ կարծիք ունեք, դուրս եկեք ասեք, դուք քաղաքական մարմին եք ներկայացնում։ Այդպես էլ Կտրիճին նույնացնում եք եկեղեցու հետ։ Այդ մարդը ու եկեղեցին, տարբեր բաներ են։
Կամ ասում են՝ ով քաղաքական գնահատական է տալիս, պոլին են պառկացնում։ Բա դուք ինչի՞ պոլին պառկած չեք, ուզում եմ հասկանամ։ Ասում եք՝ 2018 թվականից յոթ տարի և այլն, բայց այդ յոթ տարուց մինչև պատերազմը դուք մեր հետ եք եղել»,–ասաց նա։
Ալեն Սիմոնյանն անդրադարձավ դրվագին, երբ ՀՀ վարչապետը մոտեցել է ԱՄՆ նախագահ Թրամփին ու ներկայացել, որ ինքը ՀՀ վարչապետն է. «Փորձում են նվազեցնել հարգանքի մասը կամ արժեքը իջեցնել։ Ուզում եմ հասկանալ մի մարդու, որին մի անգամ ես տեսել, մարդու, որ աշխարհի ամենամեծ պետություններից մեկի ղեկավարն է, որը գտնվում է մի միջոցառման, որտեղ բազմաթիվ, տասնյակ երկրի ղեկավարներ կան, պիտի մոտենաս, ասես՝ պրիվետ Ռո՞բ, պիտի ասես՝ պրիվետ Սե՞րժ, կամ պրիվետ Թրա՞մպ։ Էդ ի՞նչ խոսալու բան ա, թե՞ ձեր չափանիշներն այն է, որ Նալբանդյանի թշիկներից քաշքշում էին, կամ որ Նալբանդյանը մի հատ թղթի կտոր վերցրած մտել էր ժողովրդի մեջ փորձում էր Էրդողանին մոտենար, այդ թուղթը փոխանցեր»։
ԱԺ խոսնակը խոսեց նաև քաղբանտարկյալների առկայության մասին. «Տիկին Էլինարը եկել է մի մարդու ցուցակով Ազգային ժողով, որի իշխանավարման ժամանակահատվածում միջազգային կառույցները թմբկահարում էին քաղբանտարկյալների առկայության մասին Հայաստանի Հանրապետությունում, որի իշխանության ժամանակ Երևանի կենտրոնում մարդիկ են գնդակահարվել, որի իշխանավարման ժամանակ ընտրություններ են կեղծվել, «Կոլցո» օպերացիաներ են եղել և այլն, և այլն։ Բայց ամեն ինչ պիտի չափ ու սահման ունենա, չէ՞։ Չի կարելի այնպիսի բաներից խոսել, որ դու դրա մեջ ես»։
Ինչ վերաբերում է ընդդիմության կողմից նախաձեռնված իմպիչմենտի գործընթացին, Ալեն Սիմոնյանը հեգնանքով ասաց. «Այդ իմպիչմենտը վերջը իմացա՞նք ինչի համար է։ Այդ մարդուն (նկատի ունի Դավիթ Համբարձումյանին, որին ՀՀԿ–ն առաջադրել էր վարչապետի թեկնածու և որը երեկ ազատազրկվեց 6 տարի 3 ամսով–խմբ) բերել էին, գիտեին, որ վրան քրեական գործ կա, հեսա վճիռ է լինելու, մենք էլ զարմանում էինք, ասում էինք՝ հանրապետականի մեջ իրենց հոգին տվող մարդիկ կան, խի՞ էս մարդուն բերեցին իմպիչմենտի։ Այդ ի՞նչ իմպիչմենտ էր։ Նույնիսկ պարոն Աղազարյանը և պարոն Ասլանյանը չէին ստորագրելու մեծ հաշվով՝ իմանալով այնուամենայնիվ այս մարդկանց անցած ճանապարհը։ Այդ ի՞նչ օպերացիա էին անում, օպերացիան հետևյալն է, որ ասեն՝ վարչապետի թեկնածուին վեցը տարի ազատազրկեցին»։


