երկուշաբթի, մայիս 27
27 / 5 / 2024
Աշանում ջերմոցային մշակաբույսերի արտադրության և կառավարման դասընթացներ են կազմակերպվել

Աշանում ջերմոցային մշակաբույսերի արտադրության և կառավարման դասընթացներ են կազմակերպվել

«Կրթություն՝ հանուն ապագայի» հասարակական կազմակերպությունը Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Աշան համայնքում անց է կացրել ջերմոցային մշակաբույսերի արտադրության և կառավարման եռօրյա դասընթացներ՝ «Գիտելիքահեն գյուղացիական տնտեսությունը ինտենսիվ գյուղատնտեսության ապագան է» ծրագրի շրջանակում։

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է ՀԿ նախագահ Իրինա Գաբրիելյանը և նշել, որ դասընթացները հագեցած էին տեսական և գործնական պարապմունքներով։
 
«Որպես դասընթացավար՝ ՀՀ֊ից հրավիրվել էր AgroTrend կազմակերպության մասնագետը։ Մասնակիցներին ներկայացվեցին ջերմատան կառուցապատման, հիմնադրման աշխատանքների, ջերմատան կառավարման համակարգերի, գրունտային և հիդրոպոնիկ ջերմատների շահագործման հիմունքների, համեմունքային կանաչիների, ջերմատնային տոմատի, վարունգի, պղպեղի մշակության և բույսերի պաշտպանության վերաբերյալ թեմաները։ Լսարանային դասընթացներն ուղեկցվում էին ջերմատներ այցելություններով, պրակտիկ դասերով, ակտիվ քննարկումներով»,-ներկայացրել է մեր զրուցակիցը։
 
Նրա խոսքով՝ դասընթացի մասնակիցներն նաև իրենց հետաքրքրող հարցերով են դիմել և ստացել մասնագիտական խորհրդատվություն։ Դասընթացների երրորդ օրը մասնակիցների ստացած գիտելիքներն ամփոփվել են ստուգարքով։ Քննությունից հետո բոլոր ակտիվ և պարտաճանաչ մասնակիցները «Կրթություն՝ հանուն ապագայի» ՀԿ-ի կողմից հավաստագրեր են։
 

«Այսպիսի դասընթացները գյուղատնտեսներին փոխանցում են տեսական և գործնական գիտելիքներ՝ ջերմատանն աշխատելու նոր հնարավորությունների, ժամանակակից տեխնոլոգիաների և իրենց ամենօրյա ջերմատնային տնտեսական գործունեության մեջ ճիշտ աշխատելու մասին։ Բացի ջերմատնային մշակաբույսեր աճեցնելու տեխնոլոգիաներից, բոլոր մասնագետները, անհրաժեշտության դեպքում, ներկայացնում են նաև բաց դաշտում մշակության մասին տեղեկատվություն»,-մանրամասնել է ՀԿ նախագահ Իրինա Գաբրիելյանը՝ համոզմունք հայտնելով, որ դասընթացները ձևավորում են ագրոմշակույթ, զարգացնում՝ ագրոբիզնեսի հմտություններ, կոլեկտիվի մշակույթ և հետպատերազմյան Արցախում բարոյահոգեբանական դրական ազդեցություն ունեն:

Մեր զրուցակիցը հավելեց, որ «Կրթություն՝ հանուն ապագայի» ՀԿ֊ն ջերմատնային ագրոկրթական դասընթացներն արդեն չորրորդ գյուղում է իրականացնում, և արձագանքները բավական դրական և հուսադրող են։ Դասընթացավար-մասնագետները ՀՀ տարբեր առաջատար կազմակերպություններ են ներկայացնում, որոնք մասնագիտացած են այդ ոլորտում։ Նախորդ երեք գյուղերում մասնագետները ICARE հիմնադրամից էին։

  • Կիսվել: