հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արզումանյանի՝ փայլուն զինվորական լինելու մասին որևէ մեկը  կասկած չի հարուցել, ինքս էլ սրտացավ եմ նրա համար․ Անդրանիկ Քոչարյան

Արզումանյանի՝ փայլուն զինվորական լինելու մասին որևէ մեկը  կասկած չի հարուցել, ինքս էլ սրտացավ եմ նրա համար․ Անդրանիկ Քոչարյան

Միքայել Արզումանյանի՝ փայլուն զինվորական լինելու մասին որևէ մեկը  կասկած չի հարուցել։ Միքայել Արզումանյանի մեղադրանքն այլ բովանդակության է և  ես հիմա չեմ ուզում մեղադրանքի մասին խոսել։ Տա Աստված, որ այս մեղադրանքները դատարանում հերքվեն։ ԱԺ-ում այսօր լրագրողների հետ ճեպազրույցում խոսելով  44-օրյա պատերազմի օրերին Արցախի Պաշտպանության բանակը ղեկավարած Միքայել Արզումանյանին մեղադրանք առաջադրելու մասին հարցին, նշեց ՔՊ պատգամավոր, ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ 

«Ես, նույնիսկ, որոշ  բաներ չեմ էլ կարող ասել, որովհետև այս  շենքում՝ քննիչ հանձնաժողովի տրամադրության տակ են գտնվում  շատ փաստաթղթեր։ Ես չեմ էլ ուզում շտապել, որովհետև սա շատ  զգայուն  թեմա է՝ 44-օրյա պետարազմի դասերը քաղելու տեսանկյունից»,- նշեց Քոչարյանը։  

Հարցին, թե ինչ դիտարկումներ ունի պատգամավորը Արցախում ի պաշտպանություն Արզումանյանի իրականացվող ցույցերի վերաբերյալ, նա ասաց․ «Արզումանյանն ունեցել է ենթականեր, իր հետ ռազմաճակատում  անցկացրած ընկերներ  և, բնականաբար, բոլորը սրտացավ են, ես ինքս էլ սրտացավ եմ Արզումանյանի համար, բայց եկեք շարժվենք քրեական գործի տրամաբանությամբ։ Ոչ մեկը չի ուզենա էնպիսի մեղադրանք դնի մի մարդու վրա, որն իր ուսերին է վերցրել  44-օրյա պատերազմի թեկուզ վերջին հատվածը , բայց եթե կան սխալներ, որոնք բերել են մարդկային և տարածքային չարդարացված կորուստների, դա պետք է քննվի»։

Խոսելով Ջալալ Հարությունյանին մեղադրանք  առաջադրելու մասին և այն դիտարկմանը, թե Հարությունյանը մեղադրանքը չի ընդունում,  Քոչարյանն ընդգծեց․ «Գիտե՞ք մի մեղադրանք, որ մեղադրվող կողմն ընդունի․ պատմության մեջ նման բան չի եղել։ Հարությունյանի նկատմամբ Քննչական կոմիտեում եղել է քրեական գործ։ Դա նշանակում  է՝ մինչև նրա վիրավորվելը ուսումնասիրվել են իր կայացրած որոշումները և դրանց արդյունքները»։

« Եթե որևէ մեկն իր որոշումների արդյունքում ունեցել է սխալներ, որոնք մարդկային ճակատագրեր են արժանացնել,  դրանք պետք է ոչ միայն ուսումնասիրվեն, այլ քննվեն և առաջադրվեն մեղադրանքներ»,- նշեց Անդրանիկ Քոչարյանը։

  • Կիսվել: