ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Արտաքին քաղաքական աշխատանքի կարևոր ուղղություններից է եղել տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների և տնտեսական կապերի ապաշրջափակումը. Միրզոյան

Արտաքին քաղաքական աշխատանքի կարևոր ուղղություններից է եղել տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների և տնտեսական կապերի ապաշրջափակումը. Միրզոյան

«Իմ ելույթը բաղկացած կլինի երկու հատվածից: Ես պայմանականորեն դրանք կվերնագրեի հետևյալ կերպ՝ քաղաքական-բովանդակային և բյուջետային-ֆինանսական: 

Եվ այսպես, 2021 թ․ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն աշխատանքներ է իրականացրել ՀՀ արտաքին քաղաքականության ուղենիշների և կառավարության ծրագրի իրականացման, բարեփոխումների և զարգացման օրակարգի խթանման, միջազգային գործընկերների հետ փոխգործակցության ամրապնդման ուղղությամբ՝ ՀՀ պետական շահերի պաշտպանության, ինքնիշխանության ամրապնդման և տարածքային ամբողջականության վերականգնման, ԼՂ հիմնախնդրի քաղաքական կարգավորման, Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության ապահովման, 44-օրյա պատերազմի հետևանքով ծագած հումանիտար խնդիրների հաղթահարման նպատակով:  

Իհարկե, Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն գերակայությունը շարունակել են մնալ Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովումը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի քաղաքական կարգավորումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում և նրա մանդատի ներքո: 

Ակնհայտորեն, սա իր ուղղակի անդրադարձն է գտել ՀՀ ԱԳՆ ամենօրյա գործունեության մեջ, այդ թվում՝ ՀՀ արտգործնախարարի և մյուս պաշտոնյաների՝ առանց բացառության բոլոր հանդիպումների բովանդակության և ընթացքի վրա։ Այնուամենայնիվ, քննարկումների ձևաչափի առումով մեզ համար հատուկ կարևորություն է ունեցել ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափը։

Շուրջ մեկամյա դադարից հետո ինչպես շահագրգիռ պետությունների դիրքորոշման, այնպես էլ հայկական կողմի հետևողական աշխատանքի շնորհիվ 2021թ. սեպտեմբերին Նյու Յորքում, ապա՝  նոյեմբերին Փարիզում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների առաջին և երկրորդ հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մասնակցությամբ և միջնորդությամբ: Հանդիպումների ընթացքում հայկական կողմն ընդգծել է իր դիրքորոշումը՝  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը լիարժեքորեն վերականգնելու առնչությամբ։ Վերահաստատվել է սահմանագոտում դեէսկալացիայի և հումանիտար խնդիրների կարգավորման անհրաժեշտությունը, ինչպես նաև սադրանքների ու հայատյաց հռետորաբանության անընդունելիությունը։

Ի դեպ, մինչև ԵԱՀԿ համանախագահության ձևաչափով երկրորդ՝ փարիզյան հանդիպումը Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտգործնախարարները հանդիպել են նաև հոկտեմբերի 14-ին Մինսկում՝ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի միջնորդությամբ։ 

ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափով հաջորդ հանդիպումը նախատեսված էր անցկացնել դեկտեմբերի 1-3 Ստոկհոլմում՝ ԵԱՀԿ ամենամյա նախարարական վեհաժողովի շրջանակներում, սակայն ադրբեջանական կողմը հանդիպումից մի քանի ժամ առաջ չեղարկեց այդ հնգակողմ հանդիպումը: Ի դեպ, նախքան հնգակողմ՝ 3+2 ձևաչափով համատեղ հանդիպումը, առանձին հանդիպումների ընթացքում համանախագահները կողմերին էիններկայացրել հստակ բանակցային օրակարգ։ Հատկանշական է նաև, որ դրանից օրեր առաջ Վիեննայում տեղի ունեցած ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստում իրենց մեկ տարվա գործունեությունը ներկայացնելիս համանախագահները կրկին հստակորեն արձանագրել էին իրենց մանդատը։ Եվ ահա այս գործոններն էլ՝ համանախագահության ձևաչափի և մանդատի շուրջ ունեցած Ադրբեջանի ընդհանուր վերաբերմունքին զուգահեռ, մեր կարծիքով՝ դարձան ստոկհոլմյան հանդիպման չեղարկման հիմնական պատճառները։

Այնուամենայնիվ, Ստոկհոլմում ԵԱՀԿ ամենամյա նախարարական խորհրդաժողովի ընթացքում ԵԱՀԿ մասնակից պետությունների մեծամասնության, ինչպես նաև մի շարք միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից հստակ ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափում բանակցությունների միջոցով կարգավորելու անհրաժեշտությունը։ 

Տարվա ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և համանախագահող երկրներն ընդունել են ընդհանուր առմամբ 11 հայտարարություն, որոնցում անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորմանը, դրանից բխող և դրան վերաբերող հարցերի, այդ թվում և՝ հումանիտար հարցերի հասցեագրմանը:

2021թ դեկտեմբերին՝ մի քանի անգամ հետաձգվելուց հետո, առցանց եղանակով կազմակերպվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով համաժողով։ Այն կրել է «ԵԱՀԿ Մինսկի կոնֆերանսի կողմից հասցեագրվող հակամարտությունը. անցած տարվա ռազմական գործողությունների հետևանքներից դեպի քաղաքական կարգավորում» անվանումը։ Ուզում եմ ընդգծել, որ նմանօրինակ միջոցառում տարիներ շարունակ փորձ էր կատարում իրականացնել Ադրբեջանը, սակայն այդ փորձը երբևէ չէր հաջողվել։

ԼՂ հակամարտության վերաբերյալ ՀՀ դիրքորոշումների վերաբերյալ, Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի, հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից սադրանքների և այլ առնչվող հարցերով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, ինչպես նաև Անվտանգության խորհրդում 2021 թ. շրջանառվել է ավելի քան 3 տասնյակ փաստաթուղթ։ Նույն թեմաներով ԵԱՀԿ շրջանակներում ՀՀ մշտական առաքելության կողմից շրջանառվել է շուրջ 70 փաստաթուղթ, այդ թվում՝ Արցախի իշխանությունների հայտարարությունները: Մշտական խորհրդի ընթացիկ հարցեր կետի ներքո ՀՀ առաքելությունը գրեթե յուրաքանչյուր շաբաթ շարունակել է բարձրացնել Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան խորագրով հարցը՝ մասնակից պետություններին ներկայացնելով ընթացիկ իրավիճակը, Ադրբեջանի կողմից շարունակվող ագրեսիվ քաղաքականությունը, արցախահայության իրավունքների և հայ ռազմագերիների հետ կապված խնդիրները:

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ընթացիկ քաղաքական հարցեր կետի ներքո յուրաքանչյուր շաբաթ հայկական կողմի նախաձեռնությամբ քննարկվել է «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» խորագրով հարցը, որի շրջանակներում մասնակիցների ուշադրությանն են ներկայացվել հայ ռազմագերիների, արցախահայության իրավունքների և ընթացիկ իրավիճակի հետ կապված խնդիրները: Վերոնշյալ հարցերին անդրադարձ է կատարվել նաև Մարդու իրավունքների խորհրդում:

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին և դրանից բխող խնդիրներին անդրադարձ է կատարվել նաև ԱԳ նախարարի անունից ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, տասնյակ պետությունների արտաքին գործերի նախարարներին, ինչպես նաև ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով բարձր հանձնակատար Միշել Բաչելետին, ԵԽ մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Դունյա Միյատովիչին ուղղված նամակներում:   

Կարևոր եմ համարում ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի՝ 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշումները «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող՝ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի և Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի դատական գործերի շրջանակներում հրատապ միջոցների կիրառման վերաբերյալ։ Դատարանը, ինչպես գիտեք, պարտավորեցրել է Ադրբեջանին կանխել ազգությամբ և էթնիկ հայերին թիրախավորող ռասայական ատելության և խտրականության հրահրումը և խթանումը, անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել՝ կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման գործողություններն՝ ուղղված հայկական մշակութային ժառանգության դեմ՝ ներառյալ՝ եկեղեցիները և պաշտամունքի այլ վայրերը, հուշարձանները, տեսարժան վայրերը, գերեզմանատները և արտեֆակտերը։

Շարունակվել են աշխատանքներն Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց ազատ արձակման, միջազգային բարձրաստիճան պաշտոնյաներին, պետությունների ղեկավարներին, խորհրդարանականներին, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններին և փորձագետներին խնդրի ներկայացման ուղղությամբ՝ ՄԱԿ, ԵԽ, ԵԱՀԿ համապատասխան ընթացակարգերի կիրառմամբ: 

Գերիների վերադարձի հարցը բարձրաձայնվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում տեղի ունեցած հանդիպումների ընթացքում, արծարծվել համանախագահների հայտարարություններում, այդ թվում՝ համանախագահող երկրների անունից շրջանառված դեկտեմբերի 7-ի հայտարարության մեջ։

Գերիների հարցի առնչությամբ միջազգային կազմակերպություններում փաստաթղթեր են տարածվել Նյու Յորքում, Ժնևում, Ստրասբուրգում, Վիեննայում, Բրյուսելում։ ՀՀ մշտական ներկայացուցիչները խնդիրը մշտապես բարձրաձայնել են և բարձրաձայնում են բոլոր հանդիպումների, ժողովների և միջոցառումների ձևաչափերում: Արդյունքում՝ ՄԱԿ-ի հատուկ ընթացակարգերը (Խոշտանգումների հարցով ՄԱԿ հատուկ զեկուցող, Բռնի անհետացման հարցերով ՄԱԿ աշխատանքային խմբի նախագահող և Արտադատական, արագացված մահապատիժների հարցերով հատուկ զեկուցողներ) հանդես են եկել «Լեռնային Ղարաբաղ. բոլոր գերիները պետք է ազատ արձակվեն» խորագրով հայտարարությամբ։ ԵՄ շրջանակներում հայ գերիների վերադարձի անհրաժեշտության խնդիրը բարձրացվել է Եվրոպական հանձնաժողովի նախագահի, ԵՄ Արտաքին հարաբերությունների ծառայության խոսնակի, Եվրոպական խորհրդարանի 100-ից ավելի պատգամավորների կողմից: 

ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանի ընթացքում ռազմագերիների վերադարձի հարցը ներառվել է վեհաժողովի մոնիտորինգային գործընթացների վերաբերյալ բանաձևում՝ կոչ անելով «անհապաղ իրականացնել ռազմագերիների և մարմինների փոխանակումը» (մասնավորապես՝ բանաձևի 11-րդ պարբերությունում)։ ԵԽԽՎ Մոնիտորինգային կոմիտեն հրապարակել է հայտարարություն, որտեղ, վկայակոչելով ՄԻԵԴ ձևակերպումներն Ադրբեջանի կողմից ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ, հորդորել է Ադրբեջանին վերադարձնել նրանց հայրենիք։ ԵԽԽՎ Միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հարցերով կոմիտեի «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքները/ԼՂ հակամարտություն» զեկույցում  անդրադարձ է կատարվում հայ գերիների խնդրին, այդ թվում՝ նաև բռնի անհետացումների դեպքերին։ 

«Human Rights Watch» իրավապաշտպան կազմակերպությունը Հայաստան և Լեռնային Ղարաբաղ կատարած այցի արդյունքում հրապարակել է զեկույց, որում տեղ են գտել հստակ ձևակերպումներ հայ գերիների խոշտանգումների վերաբերյալ՝ դրանք որակելով որպես պատերազմական հանցագործություն։ Հայ գերիների վերադարձի խնդրին է անդրադարձել նաև «Freedom House» իրավապաշտպան կազմակերպությունը։ 

Մայիսի 20-ին Եվրոպական խորհրդարանը 607 անդամների ձայնով ընդունել է հայ գերիների անհապաղ ազատ արձակման և վերադարձի կոչ անող բանաձև: 

Մշակութային ու կրոնական ժառանգության պաշտպանության մասով. ԱԳՆ կողմից շարունակվել է համագործակցությունը մշակութային արժեքների պաշտպանության ոլորտում գործող միջազգային կազմակերպությունների, հատկապես՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ՝ ուղղված Արցախի հայկական մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանությանը: Մասնավորապես՝ ձեռնարկվել են անհրաժեշտ քայլեր՝ միջազգային հանրության ուշադրությունը կատարվող հանցագործություններին սևեռելու, պատմամշակութային հուշարձանների, հնագիտական վայրերի և թանգա­րանային առարկաների դիտավորյալ ոչնչացման և վնասման դեպքերը դատապարտելու և կան­խելու ուղղությամբ։

Այս համատեքստում ակտիվ համագործակցություն է ծավալվել նաև մշակութային արժեքների պաշտպանության հարցերով զբաղվող միջազգային այլ կառույցների և կազմակերպությունների հետ, այդ թվում՝ Համաշխարհային հուշարձանների հիմ­նադրամի, Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ), Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհրդի (ԻԿՕՄՕՍ), «Կապույտ վահան» միջազգային կազմակերպության, Հնագետների եվրոպական ասոցիացիայի, Հակամարտության գոտիներում ժառանգության պաշտպանության հարցերով միջազգային դաշինքի (ԱԼԻՖ) և ուրիշների հետ։ 

ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ վարվող շարունակական աշխատանքների շրջանակ­ներում՝ Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի կողմից պարբե­րական սկզբունքով պատրաստվել և կազմակերպության գլխավոր տնօրենին, ինչ­պես նաև անդամ երկրների ազգային հանձնաժողովներին են ներկայացվել պատե­րազմի ընթացքում և դրանից հետո հայկական մշակութային ժառանգության հուշարձանների միտումնավոր թիրախավորումն ու ռմբակոծումը հիմնավորող, ինչպես նաև հայկական քրիստոնեական հուշարձաններն աղվանական ներկա­յացնելու միջոցով դրանց ինքնության աղավաղմանն ուղղված ադրբեջանական հետևողական քաղաքականության մասին համապարփակ նյութեր և փաստեր։

Շարունակական ակտիվ ջանքեր են գործադրվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կողմից ի սկզբանե հայտարարված և Զինված հակամարտությունների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին 1954թ. Հաագայի կոնվենցիայի Երկրորդ արձանագրության միջկառավարական կոմիտեի հայտարարությամբ վերահաս­տատված ձևաչափով Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելությունն իրականացնելու ուղղությամբ։

Շատ հակիճ անդրադառնամ կոմունիկացիաների ապաշրջափակմանը, սահմանազատման  և սահմանային անվտանգության գործընթացներին։ 

Արտաքին քաղաքական աշխատանքի կարևոր ուղղություններից մեկն է եղել տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների և տնտեսական կապերի ապաշրջափակումը։ Գիտեք, որ ունենք եռակողմ աշխատանքային խումբ, և Հայաստանն այս խմբում ներկայացված է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի կողմից։ 

2021 թվականի հունվարի 11-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության նախագահի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի կողմից տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային բոլոր կապերն ապաշրջափակելու հարցով զբաղվող՝ հիշատակածս եռակողմ աշխատանքային խումբ ստեղծելու մասին հայտարարություն է եղել։

Խումբը 2021 թվականի ընթացքում ունեցել է 8 պաշտոնական  հանդիպում, ստեղծվել են ենթակառուցվածքների, ինչպես նաև սահմանային, մաքսային և հսկողության այլ գործառույթների կազմակերպման հարցերով փորձագիտական ենթախմբեր: Որպես արդյունք՝ 2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների և դեկտեմբերի 15-ին Բրյուսելում Հայաստանի, Եվրոպական խորհրդի և Ադրբեջանի ղեկավարների միջև կայացած հանդիպումներին երկաթուղային հաղորդակցությունը վերագործարկելու պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Աշխատանքներն այս ուղղությամբ շարունակվում են, և արդեն պայմանավորվածույթուններ կան նաև 2022 թ․, թեև, անշուշտ, սրա դրսևորումները պարբերաբար տեսնում էինք 2021թ․։ Կա համընդհանուր ընկալում այն մասին, որ բոլոր ապաշրջափակվող ենթակառուցվածքները՝ ճանապարհները, երկաթուղիները, բոլոր տրանսպորտային ենթակառուցվածքները պետք է գործեն այն երկրների ինքնիշխանության և օրենսդրության ներքո, որոնց տարածքով անցնում են։ Գիտեք, բոլորիդ հայտնի են այդ շահարկումները, և ահա տեսնում ենք, որ դրանք անհիմն են։

Սահմանազատման ու սահմանային անվտանգության մասով․ 2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչի քաղաքում Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության նախագահի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի միջև ստորագրվեց հայտարարություն, որում ասվում է, որ կողմերը պայմանավորվել են քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության և կայունության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ և գործը տանել դեպի սահմանազատման և սահմանագծման երկկողմ հանձնաժողովի ձևավորում: Այս տարի արդեն կրկին կարողացանք այս ուղղությամբ առաջընթաց գրանցել, ինչի արդյունքում ստեղծվեցին հաննձնաժողովները, և տեղի ունեցավ մեկ հանդիպում: Կրկին՝ այն  հայկական կողմից գլխավորում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

2021թ․ ընթացքում Հայաստանի Հանրապետության դիվանագիտության առաջնահերթությունների շարքում է եղել նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, ինչպես նաև Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջազգային ջանքերում: 

Համառոտ անդրադարձ կատարեմ նաև երկկողմ ձևաչափում ու միջազգային գործընկերների հետ մեր համագործակցությանը։

Հաշվետու տարում շարունակվել են Ռուսաստանի հետ բոլոր ուղղություններով դաշնակցային հարաբերությունների և ռազմավարական գործընկերության ամրապնդմանն ուղղված ջանքերը։ Տարին նշանավորվել է բարձր մակարդակներում քաղաքական ակտիվ երկխոսությամբ, տարածաշրջանային և միջազգային հարթակներում քայլերի համակարգմամբ, տարբեր բնագավառներում սերտ համագործակցությամբ: 

Հայաստանի Հանրապետությունն ակտիվորեն մասնակցել է Եվրասիական տնտեսական ինտեգրման խորացման, ԵԱՏՄ անդամ պետությունների հետ համագործակցության ընդլայնման, եվրասիական տարածաշրջանի տնտեսական ներուժի բացահայտման և իրացման գործընթացին:

Քայլեր են ձեռնարկվել ՀԱՊԿ շրջանակներում իրականացվող համագործակցության հետագա խորացման ու կառույցի նորմատիվ-իրավական դաշտի կատարելագործման ուղղությամբ։ 2021թ․ սեպտեմբերից Հայաստանը ստանձնել է ՀԱՊԿ նախագահությունը, ամրագրվել են Հայաստանի հիմնական առաջնահերթությունները՝ միտված կազմակերպության արդյունավետության բարձրացմանը, և առաջին հերթին, գիտեք, մեզ այստեղ հետաքրքիր է արագ արձագանքման մեխանիզմների կատարելագործումը։

2021թ. ընթացքում հայ-ամերիկյան հարաբերություններում նկատվել է զգալի առաջընթաց, կայացել են բարձրաստիճան պատվիրակությունների փոխայցելություններ և հանդիպումներ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության հերթական նիստը կազմակերպելու մասին: Հիշում եք երևի՝ այս նիստը տեղի ունեցավ այս տարի՝ մեկ ամիս առաջ, Վաշինգտոնում: 

2021թ. սկզբին ավարտվել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացը։ Մարտի 1-ից Համաձայնագիրը լիովին ուժի մեջ է մտել։ 2021 թ․ մայիսի 26–ին Միջգերատեսչական հանձնաժողովը հավանության է արժանացրել մարտի 1-ից ուժի մեջ մտած ՀԸԳՀ դրույթների վերաբերյալ ճանապարհային քարտեզը, որի իրականացումը ՀՀ վարչապետի որոշմամբ ուժի մեջ է մտել 2021 թ․ հունիսի 1-ից։ Վերջինս բաղկացած է 300-ից ավելի միջոցառումներից, որոնք վերաբերում են ամենատարբեր ոլորտներին, այդ թվում՝ կրթության և գիտության, առողջապահության, սոցիալական պաշտպանվածության, ենթակառուցվածքների, շրջակա միջավայրի, պաշտպանության, տնտեսության և այլն։

Շարունակվել են հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների և ընդգրկուն օրակարգի խորացմանն ու ամրապնդմանն ուղղված ջանքերը: Ի վերջո, 2021 թվականի դեկտեմբերի 9-ին Փարիզում կայացել է համատեղ տնտեսական աշխատանքային խմբի առաջին նիստը:

Հաշվետու տարում Վրաստանի և Իրանի հետ բարիդրացիական հարաբերությունները և տարածաշրջանային հարցերով երկխոսությունը զարգացել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, տեղի են ունեցել մի շարք փոխադարձ այցեր: 

Մեր տարածաշրջանում հարաբերությունների կարգավորման համատեքստում կարևոր զարգացում էր 2021 թվականի Հայաստանի և Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների հրապարակային հայտարարությունների շնորհիվ երկու երկրների միջև մեկնարկած երկխոսության գործընթացը Նշանակվել են հատուկ ներկայացուցիչներ, որոնք շարունակում են քննարկումները: 

Շարունակվել է փոխգործակցության խորացումը տարբեր աշխարհագրություններով, այդ թվում՝ Եվրասիական տարածաշրջանի, եվրոպական, Մերձավոր Արևելքի և ասիական երկրների հետ։ Հայաստանը շարունակել է աշխատանքները Հյուսիսային և Հարավային Ամերիկայի երկրների հետ հարաբերությունների զարգացման ուղղությամբ:

2021 թվականին Հայաստանի Հանրապետությունում բացվել է Սուրբ Աթոռի առաքելական նվիրակությունը, իսկ Ուրուգվայը Հայաստանի Հանրապետությունում իր ներկայությունը գլխավոր հյուպատոսությունից բարձրացրել է դեսպանության մակարդակի։

Հաշվետու ժամանակահատվածում կայացել է ՀՀ նախագահի 12 այց, այդ թվում՝ 1 պետական, 2 պաշտոնական, ՀՀ վարչապետի 17 այց, այդ թվում՝ 2 պաշտոնական, ԱԳ նախարարի՝ 14 աշխատանքային այց: Հայաստան են այցելել 6 երկրի կառավարությունների ղեկավարներ, 12 երկրի ԱԳ նախարարներ, 5 միջազգային կազմակերպությունների ղեկավարներ:

2021 թ. ընթացքում նախարարության կողմից նախապատրաստվել և ստորագրման է ներկայացվել 58 միջազգային պայմանագիր, իրականացվել է 38 միջազգային պայմանագրի վավերացման կամ հաստատման գործընթաց:

2021 թ.  ընթացքում շարունակվել են ՀՀ արտաքին քաղաքականության դիրքորոշումների վերաբերյալ միջազգային իրազեկվածության բարձրացմանը, Հայաստանի միջազգային հեղինակության ամրապնդմանն ուղղված աշխատանքները: Համակարգվել է միջազգային ԶԼՄ ներկայացուցիչների գործունեությունը Հայաստանում և Արցախում:

Հանրապետության նախագահը, վարչապետն ու արտաքին գործերի նախարարը մի շարք հարցազրույցներ են տվել միջազգային հեղինակավոր լրատվամիջոցներին, հանդես են եկել մամուլի ասուլիսներով` ներկայացնելով տարածաշրջանային և միջազգային տարբեր գործընթացների, խնդիրների ու դրանց հանգուցալուծման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումները:  

Հարգելի՛ գործընկերներ, 

Ես ներկայացրի ԱԳՆ 2021 թ․ գործունեության մի մասը միայն, հակառակ դեպքում, յուրաքանչյուրին ավելի մանրամասն անդրադառնալու համար, թերևս, մեզնից ժամեր կպահանջվեին։ Այժմ ցանկանում եմ անցնել ֆինանսական բաղադրիչին և ներկայացնել ԱԳՆ բյուջետային ծրագրերը և միջոցառումները, քանի որ այս ողջ գործունեությունը, որին ես հպանցիկ անդրադարձա, ապահովվում է նաև ֆինանսական ռեսուրսների ճիշտ բաշխմամբ և ծախսերի կատարմամբ։

2021 թվականի բյուջեում արտաքին հարաբերությունների գործունեության  ծրագրերի իրականացման համար տարեկան պլանավորված բյուջեն կազմել է շուրջ 18 միլիարդ 240 միլիոն դրամ, ճշտված բյուջեն կազմել է շուրջ 17 միլիարդ 427 միլիոն դրամ։ ՀՀ ԱԳՆ 2021 թվականի բյուջեով  հատկացված ծրագրերը  ֆինանսավորվել են ամբողջ ծավալով: Կատարողականը կազմել է 98,07%: 

2021 թվականի հաստատված բյուջեի տնտեսումների, մրցույթների  արդյունքում կատարված տնտեսումների և, իհարկե, թերիրացումների գումարը կազմել է  312,5 մլն դրամ, որը տարեվերջին փոխանցվել է պետբյուջե»,- նշեց նախարարը։

  • Կիսվել: