շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Արտաքին այն քաղաքականությունը, որն այսօր վարվում է, չունի այլընտրանք, այլընտրանքը պատերազմն է․ Այվազյան

Արտաքին այն քաղաքականությունը, որն այսօր վարվում է, չունի այլընտրանք, այլընտրանքը պատերազմն է․ Այվազյան

Ներկայումս արտաքին դերակատարներն են մեծամասամբ ձևավորում ու իրենց վտանգավոր ազդեցությունն ունենում Հայաստանի միջազգային վարքագծի ու ներքին օրակարգի վրա։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Արա Այվազյանը՝ Հայաստանի այսօրվա իրավիճակը մտահոգիչ համարելով։

«Այս պայմաններում դիվանագիտությունն է, որ անխուսափելիորեն դառնում է մեր պետականության պաշտպանության առանցքային բնագիծը, ու մենք, որպես դիվանագետներ, որոնք կանգնած են եղել մեր արտաքին գերատեսչության ստեղծման ակունքներում, մեր ասելիքն ունենք»,- ասաց նախկին նախարարը։

Այվազյանի խոսքով՝ տևական ժամանակ ասվում էր, որ արտաքին այն քաղաքականությունը, որն այսօր վարվում է, չունի այլընտրանք, այլընտրանքը պատերազմն է։

«Մենք գտնում ենք, որ կա այլընտրանք՝ դիվանագիտական, քաղաքական միջոցներով, որը հիմնված կլինի խորը վերլուծության ու մեր մասնագիտական փորձի վրա, առաջիկա օրերին Դիվանագետների համահայկական խորհուրդը կազմակերպելու է կլոր-սեղան քննարկում՝ ներկայացնելու օրակարգի ուրվագծերը»,- ասաց Արա Այվազյանը։

Նրա խոսքով, նույնիսկ ամենալավ, ամենաճիշտ ռազմավարության, արտաքին քաղաքանության  պարագայում, եթե չկա լայն հանրության աջակցություն, այդ քաղաքականությունը չի կարող լինել արդյունավետ։

«Եթե լայն սատարում, կոնսենսուս լինի, դիվանագիտությունը կարող է հանդես գալ ամուր դիրքերով, դառնալ բովանդակալից զրուցակից, խորացնել փոխշահավետ համագործակցությունը տարբեր դերակատարաների հետ, եթե ոչ, դիվանագիտությունը դառնում է  ներքաղաքական պայքարի անհեռատես, վնասակար, կործանարար գործիք»,- ընդգծեց նա:

  • Կիսվել: