երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Արսեն Թորոսյանը Արմենուհի Կյուրեղյանին անվանեց Ալիևի խոսափող

Արսեն Թորոսյանը Արմենուհի Կյուրեղյանին անվանեց Ալիևի խոսափող

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը ԱԺ-ում բյուջեի քննարկման ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանին անվանել է Ալիևի խոսնակ կամ խոսափող։

«Ինչքան էլ ուզեք, որ Ալիևի պահանջները կատարվեն, չեն կատարվելու։ Ինչքան ուզում եք բարձրաձայնեք Ալիևի տարբեր պահանջների մասին։ Ալիևի խոսնակի կամ խոսափողի դեր որքան էլ տանեք, միևնույն է՝ այդ պահանջները չեն իրականանալու։ Կարող եք պարզապես մամուլի մոնիթորինգ անել և տեսնել, թե Հայաստանում Ալիևի պահանջների մասին ով է խոսում։ Ձեր խմբակցությունից բացի՝ գուցե միայն ձեզ հարող ուժերը։ Դուք, եթե հասկացել էիք, որ մենք չենք մերժում, դա չի նշանակում, թե մենք նոր պետք է մերժենք որևէ պահանջի կատարում։ Նորից կրկնեմ՝ Ալիև, փախստականներ, 300 հազար, վերադարձ… եկեք մեզ հայտնի «գուգլով» փնտրենք և տեսնենք՝ ով է դրա մասին խոսում Հայաստանում, եթե ոչ դուք»,– ասել է Թորոսյանը՝ արձագանքելով Կյուրեղյանի այն հարցին, թե՝ եթե ներգաղթը հայտարարվում է որպես առաջնահերթություն, արդյո՞ք պետք է հասկանալ, որ ներգաղթողները պարտադիր չէ, որ լինեն հայեր։

Պատգամավորը նկատի ուներ, որ այդ ձևակերպումը համընկել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարության հետ, ըստ որի՝ 300 հազար ադրբեջանցիներ պետք է վերաբնակեցվեն Հայաստանում։

Անդրադառնալով ժողովրդագրական ծրագրերին՝ Արսեն Թորոսյանը նշել է, որ բյուջեի ժողովրդագրական բաժնում երկու հիմնական ծրագիր է ընդգրկված, որոնք ապահովում են աճը։

«Դրանք են՝ երեխաներ ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման աջակցության ծրագիրն, որը ցույց է տալիս, որ գործընթացը շարունակական է, և ընտանիքում երրորդ կամ հաջորդ երեխայի ծնունդի դեպքում տրվող նպաստի ծրագիրը, որը նույնպես աճ է գրանցում։ Մոտ ժամանակում ԱԺ ենք ուղարկելու օրենքի նախագիծ, որով առաջարկելու ենք այդ աջակցությունը դարձնել մշտական՝ երրորդ և հաջորդ երեխայի համար մինչև վեց տարեկանը ամսական 50 հազար դրամի չափով։ Փորձը ցույց է տալիս, որ պարբերական աջակցությունը ավելի արդյունավետ է, քան միանվագ մեծ գումարը, որն արագ է սպառվում և հաճախ չի ծառայում նպատակին»,– ասել է նախարարը։

Թորոսյանը հավելել է, որ մեծ ընտանիքների զգալի մասը շարունակում է մնալ անապահովության համակարգում, և ծրագիրը միտված է օգնելու նրանց հոգալ երեխաների ծախսերը։

 

  • Կիսվել: