երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
Արման Թաթոյանը վստահ է, որ իրենք այս ընտրություններում հաղթահարելու են անցողիկ շեմը

Արման Թաթոյանը վստահ է, որ իրենք այս ընտրություններում հաղթահարելու են անցողիկ շեմը

«Միասնության թևեր» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համար Արման Թաթոյանը վստահ է, որ իրենք 2026-ի ընտրություններում հաղթահարելու են անցողիկ շեմը։

Այս մասին մայիսի 25-ին Երևանում՝ Վարդան Մամիկոնյանի արձանի մոտից մեկնարկած քարոզարշավի ընթացքում լրագրողների հետ ճեպազրույցում նշել է Արման Թաթոյանն՝ ավելացնելով, որ իրենց շփումները  քաղաքացիների հետ այդ ամենի մասին են խոսում և իրենց մնում է ընտրությունների օրը շահել  քաղաքացիների վստահությունը։

«Այս ընտրությունները մեր պետության ճակատագրի մասին են և քվեախցիկում ամբողջ իշխանությունն այդ պահին քաղաքացու ձեռքում է։ Մենք պետք է ընտրենք հանուն հույսի ու հավատի, մեր երկրի ապագայի, և մենք ինքներս որոշենք մեր ճակատագիրը՝ առանց վախերի»,-ասել է նա։

Անդրադառնալով Ռուսաստանի կողմից հայկական արտադրության որոշ ապրանքների նկատմամբ սահմանափակումների կիրառմանը՝ Թաթոյանն ասաց, որ  Հայաստանը չպետք է կախված լինի միայն մեկ երկրից։

«Ռուսաստանի հետ հարաբերությունները բարդ հարաբերություններ են, սակայն մենք իրավունք չունենք խզելու այդ հարաբերությունները, քանի որ հայ և ռուս ժողովուրդների միջև դարավոր բարեկամություն, մշակութային կապեր կան։ Մենք պետք է աշխատենք հանուն մեր երկրի շահերի։ Սա է լինելու մեր քաղաքականությունը»,-ասել է Թաթոյանը։

Նա նշել է, որ բոլոր թեկնածուների մեջ որևէ մեկը չունի այն աշխատանքային փորձը, որն ինքն ունի, քանի որ աշխատել է և՛ պետական մարմիններում, և՛ հասարակական ու միջազգային կառույցներում։

«Ես պատկերացնում եմ ինչպես են պետությունները ձախողվում և ինչպես պետք է դա կանգնեցնել։ Ես մատս ինչին դրել եմ, հաջողել եմ։ Ինձ ոչ մի այլ բան չի հետաքրքրում, քան իմ քաղաքացու ապահովությունը, վստահությունը, երիտասարդի համար ապահով ապագա ունենալը»,-վստահեցրել է Թաթոյանը։

Նա նշել է, որ իրենք ունեն նաև հստակ քայլեր ընտրական փուլից հետո հնարավոր բոլոր սցենարների համար։

«Ես եղել եմ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանը, պաշտպանել եմ մեր քաղաքացիների շահերը և հիմա հանձնառու եմ լինել Հայաստանի իրավունքների պաշտպանը։ Հայաստանում չկա հարց, որը մենք չկարողանանք լուծել»,-հավելել է Արման Թաթոյանը։

 

  • Կիսվել: