ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արցախի նախագահը առաջարկում է «որոշ գործիչների» չհատել բարոյականության և տրամաբանության սահմանը

Արցախի նախագահը առաջարկում է «որոշ գործիչների» չհատել բարոյականության և տրամաբանության սահմանը

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Արցախի Հանրապետության նախագահը Հայաստանի Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդաշարին տված հարցազրույցում Ապրիլյան պատերազմի մասին բարձրացված հարցերին շատ հստակ պատասխանել է, և այդ պատասխաններն ունեն իրենց փաստական հիմքերը:

՛՛Հաշվի առնելով հարցի նրբությունն անվտանգային տեսանկյունից՝ բովանդակային առումով հավելյալ պարզաբանումներ տալու կարիք չենք տեսնում: Անհարկի է նաև թեմայի շուրջ որոշ գործիչների ակտիվացումը, դրանից իրականությունը չի փոխվում: Ուստի, առաջարկում եմ բավարարվել այսքանով՝ չհատելով «տրամաբանության և բարոյականության» սահմանները:

Հ.Գ. Երբ ասում են, թե գնած սպառազինությունն անսարք է, չգիտես, թե ինչու, բարոյական է, իսկ երբ պնդում են հակառակը, բարոյական չէ՞... Հանգիստ թողեք բանակն ու անվտանգային խնդիրները, քանի որ այդ դիսկուրսը ոչ մի լավ բանի չի բերելու՛՛,-գրել է նա:

Հիշեցնենք, որ Արցախի նախագահը իր հարցազրույցում նշել էր, որ անվտանգային առումով Արցախը հիմա շատ ավելի լավ վիճակում է, քան 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ։

Ըստ նրա՝ այդ ժամանակ, օրինակ, Ստեփանակերտի երկինքը անպաշտպան էր։ Նա նաև նշել է, որ, ի հեճուկս որոշ պնդումների, ձեռք բերված ՀՕՊ համակարգերը լավն են և լիովին արդարացնում են իրենց։

Նշենք, որ այդ համակարգերի որակի մասին հակառակ պնդմամբ էր համդես եկել Վատիկանում ՀՀ դեսպան, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը՝ անվանելով դրանք մետաղի ջարդոն։

Անդրադառնալով Արցախի նախագահի այս հայտարարություններին՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հերքել է դրանք և հորդորել չհատել բարոյականության և տրամաբանության սահմանները։

Թեմայի շուրջ իրենց կարծիքն են հայտնել ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ռազմական մի շարք փորձագետներ։ Նրանք նույնպես հերքել են Հարությունյանի այն պնդումը, որ Ապրիլյանի օրերին Ստեփանակերտի երկինքը եղել է անպաշտպան։

  • Կիսվել: