Արցախի կորստից և Գեղարքունիքում թշնամու առաջխաղացումից հետո իշխանությունը կարող է հայտարարել «հինգերորդ հանրապետության» ստեղծման մասին. Կարապետյան
Այսօրվա մեկ սխալ քայլը կարող է մեր երկիրն ու ժողովրդին դատապարտել ծանրագույն աղետի, որից վերադարձ չի լինի: Այս մասին այսօր Գեղարքունիքի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հզոր Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը:
Նշենք, որ հանդիպումը տեղի է ունեցել Կարապետյանի առանձնատան բակում, քանի որ նա տնային կալանքի տակ է և չի կարող հանդիպումներ անցկացնել այլ վայրերում։
Կարապետյանը գործող իշխանությանն անվանեց «թույլ և անկարող» և ընդգծեց, որ վարչապետը մանիպուլյացիայի է ենթարկում պատմական անվանումները՝ արդարացնելու համար տարածքների հանձնումը։
Ըստ նրա՝ Արցախի կորստից և Գեղարքունիքում թշնամու առաջխաղացումից հետո իշխանությունը կարող է հայտարարել «հինգերորդ հանրապետության» ստեղծման մասին՝ շարունակելով խաբել քաղաքացիներին խաղաղության խոստումներով և բարեկարգման փոքր նախագծերով։
Կարապետյանը նշեց նաև, որ երկրի ղեկավարությունն իրավունք չունի տնօրինել ժողովրդի ապագան: Նա քաղաքացիներին կոչ արեց ակտիվորեն մասնակցել հունիսի 7-ին անցկացվելիք ընտրություններին՝ հայաթափման վտանգավոր գործընթացները կանգնեցնելու և պետականությունը փրկելու համար։


